ՌԴ ներկայացուցիչը գաղտնազերծեց, թե ինչ փոխզիջումներ են առաջարկել կողմերին
Մենք մտահոգված ենք, որ շարունակվում է Լաչինի միջանցքի արգելափակումը, ներկայում ավելի քան երբևէ տեղում քայլեր են անհրաժեշտ արագորեն թոթափելու լարվածությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, մասնավորապես՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումն ու օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ։ Հայաստանի խնդրանքով օգոստոսի 16-ին հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն երկու կողմերի աջակցությամբ ամեն ջանք գործադրում է, որ արագ հանգուցալուծվի այս ճգնաժամը, որպեսզի աջակցեն հարաբերությունների նորմալացմանը բարեկամ երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Ռուսաստանն իրենից կախված բոլոր քայլերն անում է քաղաքական և դիվանագիտական անապարհներով, բոլոր մակարդակներում և տեղում` ռուսական խաղաղապահ զորքի միջոցով, որպեսզի ռուսական խաղաղապահ զորքը կանխի մարդասիրական աղետը տարածաշրջանում։ Մենք շարունակում ենք ակտիվ կապ պահպանել բոլոր ներգրավված կողմերի հետ, որպեսզի արագ վերսկսվի պարենի, դեղորայքի և անհրաժեշտ այլ պարագաների, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ բոլոր հայտարարությունները ճանապարհային քարտեզ են Երևանի և Բաքվի հաշտեցման համար։ Չկա այլընտրանք։
Եռակողմ համաձայնագրերի դրույթներում շատ կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը Ռուսաստանի աջակցությամբ, որպեսզի վերականգնվեն տրանսպորտային ուղիները եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։ Ռուսաստանը մտադիր է ամեն ջանք գործադրել այս ուղղությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե հստակ անվտանգության և իրավունքների երաշխիքներ չլինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար՝ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանի օրենքների համատեքստում։ Այս տրամաբանությունը բխում է վերջին համաձայնություններից, որոնք վերահաստատվել են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև` յուրաքանչյուր կողմ ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի համաձայն։
Մոսկվայում հուլիսի 25-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների ժամանակ ռուսական կողմն իրատեսական փոխզիջումներ է առաջարկել՝ թոթափելու լարվածությունը, որոնք կողմերը հաշվի են առել։ Դա ենթադրում է զուգահեռ մարդասիրական միջանցքի բացում՝ Աղդամով և Լաչինով՝ քաղաքացիական անձանց և բեռների տեղաշարժի համար, որպեսզի արագ վերսկսվի երկխոսությունը Բաքվի ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղի բնակիչների ներկայացուցիչների միջև։
Մենք հույս ունենք, որ գործընթացում քաղաքական կամք կցուցաբերվի՝ հաղթահարելու համար ստեղծված իրավիճակը, տևական երկխոսություն ունենալ Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով։ Ռուսաստանը պատրաստ է աշխատել բոլոր պատասխանատու դերակատարների հետ, որոնք հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի նորմալացմամբ և Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցմամբ ընդհանրապես»,- հայտարարեց Դմիտրի Պոլյանսկին։
Հարակից հրապարակումներ`
- Կոչ ենք անում կողմերին թույլ տալ ԿԽՄԿ-ին բոլոր ճանապարհներով, այդ թվում Լաչինի միջանցքով, մուտք ԼՂ. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ
- Շվեյցարիայի ներկայացուցիչ. Պետք է մարդասիրական դերակատարների համար ապահովվի ԼՂ անխոչընդոտ մուտքը
- Չինաստանը կոչ է անում շարունակել երկխոսությունն ընդունված չորս հայտարարությունների հիման վրա. ՄԱԿ ԱԽ Չինաստանի ներկայացուցիչ
- Մենք ի գիտություն ենք ընդունում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով․ ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչ
- Ֆրանսիան կոչ է անում՝ առանց խոչընդոտների մարդասիրական կառույցները հնարավորություն ունենան աշխատելու ԼՂ բնակչության հետ՝ Լաչինի միջանցքով
- Մեկնարկել է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը. Խիստ կարևոր է, որ ԿԽՄԿ-ի կողմից մարդասիրական օգնությունը որևէ հնարավոր ուղիով վերսկսի դեպի ԼՂ
- Ընթանում է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան