Ի՞նչ մթերքներ պետք է մատակարարվեն Ադրբեջանի կողմից, որ մարդիկ վստահ լինեն՝ դրանք թունավորված չեն. Ռուբեն Վարդանյան
Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Дождь» հեռուստաընկերությանը՝ ներկայացնելով Արցախում ադրբեջանական պաշարման հետևանքով ստեղծված ծանր իրավիճակն ու անդրադառնալով երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած քննարկմանը:
Ի պատասխան սովամահության հետևանքով մահացած տղամարդու վերաբերյալ հարցին, Ռ. Վարդանյանը նշել է.
«Մինչև սովամահության այս դեպքը, այլ դեպքեր ևս եղել են: Երկու երեխաներ են մահացել այն պատճառով, որ նրանց մայրը գնացել էր ուտելիքի հետևից և ուշացել: Հայտնի՝ «Այն նույն Մյունխհաուզենը» ֆիլմում հերոսուհին ասում էր՝ «մի՞թե պետք է սպանել մարդուն՝ հասկանալու համար, որ նա ողջ է». արդյո՞ք մարդիկ պետք է մահանան, որ աշխարհը հասկանա, որ Արցախում սարսափելի աղետ է և մի՞թե զանգվածային մահեր պետք է լինեն, որ աշխարհը վերջապես արձագանքի արդեն 8-9 ամիս փաստացի շարունակվող շրջափակմանը:
Այո, այս մահը սարսափելի ողբերգություն է, դա օրինակներից մեկն է, թե ինչ է կատարվում այստեղ ամեն օր: Ադրբեջանն ասում է՝ մենք պատրաստ ենք ապրանքներ մատակարարել: Ի՞նչ մթերքներ պետք է մատակարարվեն Ադրբեջանի կողմից, որ մարդիկ վստահ լինեն՝ դրանք թունավորված չեն, դրանք չեն հանգեցնելու ինչ-որ հիվանդությունների կամ այլ հետևանքների առկա անվստահության մակարդակի պայմաններում:
Երբ պարզապես Կարմիր խաչի մեքենայով մեկնող հիվանդ մարդուն հնարավոր է առևանգել և մեղադրել, նույն կերպ բոլորիս կարելի է մեղադրել: Այստեղ ողբերգություն է, և աշխարհը մինչև վերջ չի գիտակցում, թե ինչ ծանր իրավիճակ է. շուրջ 30 հազար երեխաներ չեն կարողանում դպրոց գնալ, որովհետև չկա սնունդ, չկան հիգիենայի պարագաներ, չկա տրանսպորտ:
Սա ողբերգություն է բոլոր ուղղություններով, որը միջազգային հանրությունն արհամարհում է»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին