Սերժ Թանկյանը կոչ է արել ամերիկյան Imagine Dragons խմբին չեղարկել Բաքվում նախատեսված համերգը
Հայազգի ամերիկացի երաժիշտ, System of a Down (SOAD) ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել ամերիկյան Imagine Dragons խմբին չեղարկել սեպտեմբերի 2-ին Բաքվում նախատեսված համերգը, որը «կնպաստի լավացնել բռնատիրական ռեժիմի կերպարը»։
Սերժ Թանկյանը սոցցանցերում գրել է, որ հենց իմացել է համերգի մասին, ներկայացուցիչների միջոցով նամակ է ուղարկել Imagine Dragons-ին։ «Ես վստահ էի, որ նրանք չգիտեին, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի բռնապետական ռեժիմի պատճառով 120 հազար մարդ սովամահ է լինում, ինչը Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ցեղասպանություն է անվանում»,- նշել է երաժիշտը:
Նրա խոսքով, նամակին կցել է տարբեր հոդվածներ, սակայն պատասխան չի ստացել։
«Ոչ մի արձագանք չի եղել։ Ոչ մի պատասխան: Քանի որ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում սրվում է, քանի որ սովամահությունն արդեն գրանցված է, ես ստիպված եմ հանրայնացնել այս նամակը և նրանց անտեսումն այս հումանիտար աղետի նկատմամբ: Միգուցե նրանք զգում էին, որ օրինական պարտավորություն ունեն համերգ տալու համար, գուցե նրանց պարզապես չի հետաքրքրում: Իմ ամբողջ կյանքում ես եղել եմ ցեղասպանության ճանաչման ջատագովը և միշտ ասել եմ, որ ցեղասպան քաղաքականություն վարող վարչակարգերը կամ դրանք ժխտողները պետք է վճարեն դրա գինը: Եվս մեկ ցեղասպանության վտանգ կա Ադրբեջանի կողմից, և մինչ դա տեղի է ունենում, նրանք վայելում են ամերիկյան խմբի կատարումները»,- գրել է երաժիշտը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան