Ադրբեջանցիները կրակել են Կապանի օդանավակայանի ուղղությամբ․ ԱԱԾ
Օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
«Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար։
ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են համատեղ քննության եւ/կամ Ադրբեջանական կողմին փոխանցել համապատասխան տեսանյութեր»,- նշում են ԱԱԾ-ից։
Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից իրականացված ավիաչվերթով: Նիկոլ Փաշինյանը շրջել էր «Սյունիք» օդանավակայանում և ծանոթացել ստեղծված պայմաններին: Օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի Երևան-Կապան ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից նախատեսվում են կանոնավոր չվերթներ: