«Ժողովուրդ». Արմեն Փամբուխչյանի որոշմամբ, վարչական շրջանների շտաբները համակարգելու են տվյալ վարչական շրջանների ղեկավարները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկին հաշված օրեր են մնացել։ Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 14 քաղաքական ուժերը շարունակում են ակտիվորեն պատրաստվել քարոզարշավին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի բոլոր վարչական շրջաններում արդեն շտաբներ է ամրագրել: Շտաբները թեև պաշտոնապես չեն գործում, դեռ ցուցանակներ ու պաստառներ չկան, բայց ֆունկցիոնալ սկսել են գործել: Օգոստոսի 23-ից պաշտոնապես կգործեն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ, ՔՊ շտաբի պետ Արմեն Փամբուխչյանի որոշմամբ, վարչական շրջանների շտաբները համակարգելու են տվյալ վարչական շրջանների ղեկավարները, ինչպես մերժված նախկինում: Այսինքն՝ վարչական շրջանների ղեկավարները իրենց վարչական լծակներով պետք է ձայներ հավաքեն:
Հավելենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ նախընտրական գլխավոր շտաբը գործելու է Հյուսիսային պողոտայում՝ «Յուքոմ»-ի շենքում. այն դեռ վերանորոգվում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում