Կապանցին աշխարհին ցույց տալիս, որ իր քաղաքում ապրելու և ստեղծագործելու կամքն անսասան է. Սյունիքի մարզպետ
Հայաստանի հարավային մայրաքաղաքում` Կապանում, օգոստոսի 19-ին վաղ առավոտից տոնական մթնոլորտ է։ Կապանի համայնքապետարանից հայտնում են, որ Գարեգին Նժդեհի անվան հրապարակից պարային ֆլեշմոբով, ջրցան մեքենաների շքերթով մեկնարկել են քաղաքի տոնին նվիրված միջոցառումները։ Մշակույթի կենտրոնի հրապարակում երիտասարդների շուրջպարով կտրվել է խորհրդանշական տորթը, որը համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի անդամները բաժանել են քաղաքի բոլոր թաղամասերում։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կապանի օրվա կապակցությամբ․
«Սիրելի՛ կապանցիներ
Շնորհավորում եմ բոլորիս այսօր նշվող Կապանի օրվա կապակցությամբ։
Սյունյաց մարզկենտրոնին խաղաղ երկինք, շարունակական զարգացում ու հարատև ամրություն եմ մաղթում։
Բազմադարյա պատմությունը, հանձին Կապանի, մեզ է փոխանցել հերոսական, հարուստ կենսագրությամբ, տարբեր ոլորտներում խոստումնալից ու ակտիվ կյանքով քաղաք, որն այսօրվա իր տեսքն է ստացել բազում սերունդների քրտնաջան աշխատանքով:
Ցանկանում եմ, որ միշտ յուրաքանչյուրիդ հետ լինի հայրենի քաղաքն ավելի լավը դարձնելու համար առավելագույնը անելու ցանկությունը։
Շնորհակալություն նրանց, ովքեր իրենց ձիրքով, աշխատանքով և ուժով անգնահատելի ներդրում ունեն մեր սիրելի Կապանի բարօրության գործում։
Խոնարհումս նրանց, ովքեր կյանք են զոհել նրա սահմանները պաշտպանելու համար և նրանց, ովքեր այսօր էլ պաշտպանում են սահմանային Կապանը։
Այս բարդ, պատասխանատու ու դժվարին ժամանակաշրջանում նաև հայրենի քաղաքի հանդեպ սերն արտահայտելու տարբեր դրսևորումներով ու մշակույթով է կապանցին աշխարհին ցույց տալիս, որ իր քաղաքում ապրելու և ստեղծագործելու կամքն անսասան է։
Շնորհավո՛ր տոնդ, Կապա՛ն»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան