Հայաստանը կհյուրընկալի միջազգային Աստղագիտական միության հերթական գիտաժողովը
Օգոստոսի 21-25 Բյուրականի աստղադիտարանը, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի և Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) հետ համատեղ Երևանում կկազմակերպի ՄԱՄ «Արեգանային և աստղային ջերմափոխանցման գոտիների և մթնոլորտների շարժընթացը» գիտաժողովը:
Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ վերջին տասնամյակներին թեման մեծ հետաքրքրություն է վայելում հետազոտողների շրջանում։ Շնորհիվ ուղեծրային աստղադիտարանների վրա գտնվող ժամանակակից դիտողական սարքավորումների՝ այժմ արդեն հասանելի են մեծ թվով արժեքավոր տվյալներ, ինչն էլ նպաստում է թեմայի ուսումնասիրությունների առաջընթացին։
Գիտաժողովին քննարկվելիք հիմնական թեմաներից են ջերմափոխանցումը, արեգակնային և աստղային դիֆերենցիալ պտույտները և միջօրեական շրջապտույտները, համաշխարհային դինամոն, արեգակնային և աստղային երկրաշարժագիտությունը, մագնիսական հոսքի առաջացման, արևաբծերի և աստղաբծերի առաջացման տեղական գործընթացներ։
Սա թվով 365-րդ ՄԱՄ գիտաժողովն է և 7-րդ-ը, որ կանցկացվի Հայաստանում։ Մասնակիցները տարբեր երկրների առաջատար գիտնականներ են։ Նրանց թվում կան նաև հայազգի մասնագետներ՝ Վարդան Ադիբեկյանը Պորտուգալիայի Աստղաֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների ինստիտուտից, Կիրիլ Կուզանյանը ՌԴ Երկրի մագնիսականության, իոնոլորտի և ռադիոալիքների տարածման ինստիտուտից, Դավիթ Մկրտչյանը Թաիլանդի Աստղագիտական հետազոտությունների ինստիտուտից, Ալեն Սարկիսյանը Ֆրանսիայի Վերսալի Սբ․ Քվենտինի համալսարանից։ Գիտական կազմկոմիտեի անդամ և տեղական կազմկոմիտեի նախագահն է Արեգ Միքայելյանը։
Նախորդ 7 ՄԱՄ պաշտոնական գիտաժողովները Հայաստանում կազմակերպվել են 1966, 1986, 1989, 1998, 2001 և 2013 թթ․։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան