Մատենադարանի մասնագետները վերականգնում են Ամերիկայի Հայկական թանգարանի ձեռագրերը
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնագետները վերականգնում են Ամերիկայի Հայկական Թանգարանի ձեռագրերը։
Մաշտոցյան Մատենադարանի և Ուոթերթաունի Ամերիկայի Հայկական Թանգարանի (ԱՀԹ) համագործակցությունը սկսվել է 2022 թվականից՝ ձեռագրերի ընդարձակ նկարագրությամբ, որն իրականացրել է Մատենադարանի գիտաշխատող, այժմ գլխավոր ավանդապահի պարտականությունները կատարող Դավիթ Ղազարյանը։ ԱՀԹ-ն ԱՄՆ-ում հայ արվեստի նմուշներ ունեցող ամենամեծ հաստատությունն է։
Այս համագործակցությունն ավելի է ընդարձակվել շնորհիվ Bank of America-ի՝ 2023 թվականի դրամաշնորհային ծրագրի, որը հատկացվել է ԱՀԹ-ի հավաքածուի 21 ձեռագրերի նորոգման համար (BofA-ն դրամաշնորհ է տրամադրում մշակութային կենտրոններին՝ արվեստի առավել կարևոր նմուշների պահպանման համար)։ Այժմ Մատենադարանի Վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը, ավագ վերականգնող Սուսաննա Բարսեղյանը և գլխավոր ավանդապահի պարտականությունները կատարող Դավիթ Ղազարյանը գտնվում են Ուոթերթաունում, ուր տեղում սկսել են ձեռագրերի նորոգման աշխատանքները։
Մատենադարանի աշխատակիցներն այցի առաջին օրը հանդիպել են թանգարանի տնօրեն Ջեյսոն Սոհիկյանի հետ, զրուցել աշխատանքի ընթացակարգի մասին, շրջայց կատարել ցուցասրահներով։ Մատենադարանից հայտնում են, որ բուն աշխատանքն արդեն մեկնարկել է․ ձեռագրերի ախտահանում, ամբողջականության ստուգում և վերականգնում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան