ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ձևաչափը չի ենթադրում բանաձևի կամ հայտարարության ընդունում. ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հարցերին օգոստոսի 16-ին Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակի առնչությամբ կայացած ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի վերաբերյալ.
Հարց. Օգոստոսի 16-ին կայացավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակի առնչությամբ: Երկրներն արտահայտեցին իրենց դիրքորոշումները, բայց դա որևէ փաստաթղթով չարձանագրվեց։ Ինչու՞ որևէ որոշում չընդունվեց։ Հայաստանը չէ՞ր ներկայացրել նման փաստաթուղթ։
Պատասխան. Ինչպես արդեն նշել ենք, մենք բարձր ենք գնահատում ինչպես այս և ՄԱԿ ԱԽ նախորդ՝ դեկտեմբերին կայացած նիստի ժամանակ, այնպես էլ մինչ օրս միջազգային այլ հարթակներում մեր գործընկերների, միջազգային կառույցների կողմից հնչեցված սկզբունքային դիրքորոշումները, որոնք համահունչ են միջազգային անվտանգության ու խաղաղության պահպանման հարցում ՄԱԿ ԱԽ առաջնային մանդատին, մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր արժեքներին և, որ գուցե ամենահրատապն է այս պահին, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և ԼՂ-ում նոր մարդասիրական աղետի կանխարգելման գիտակցմանը:
Ընթացակարգային առումով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձևաչափը քննարկում է, այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձևի կամ հայտարարության) ընդունում։ Բացի այդ, ՄԱԿ ԱԽ բանաձևերի նախագծեր ներկայացնելու և քվեարկության դնելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք ունեն ՄԱԿ ԱԽ 15 (մշտական և ոչ մշտական) անդամները. Հայաստանը, չլինելով ՄԱԿ ԱԽ անդամ, նման իրավասություն չունի։
ՄԱԿ ԱԽ ձևաչափով քննարկումը տալիս է միջազգային հանրության ուշադրությունն իրավիճակի հնարավոր աղետալի հետևանքների շուրջ կենտրոնացնելու, դրա հասցեագրման ուղղությամբ Խորհրդի ջանքերն ակտիվացնելու և դրանց հնարավոր համադրման, հետագա քայլերը նախանշելու կարևոր հարթակ, հնարավորություն:
Հարց. Այդքանով գործընթացն ավարտվե՞ց։
Պատասխան. Բոլորովին ոչ, սա շարունակական գործընթաց է։ ՀՀ ԱԳ նախարարությունը շարունակում է ակտիվ աշխատանքները ՄԱԿ և այլ հարթակներում։ Այսօր միջազգային հանրությունը, ՄԱԿ ԱԽ՝ տարածաշրջանում իրական, երկարատև կայունության հարցում շահագրգռված անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, համադրեն ջանքերը՝ Լաչինի միջանցքի վերաբացման կարևորության հարցում ձևավորված ընկալումը, առկա մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ, խնդրի անմիջական կարգավորմանն ուղղորդելու նպատակով։
Հարց. Իսկ ինչո՞ւ էր օգոստոսի 16-ի հրատապ հանդիպումը գումարվել ՄԱԿ «ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի սեպտեմբերի 13-ի նամակն՝ ուղղված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին» խորագրի ներքո։ Ինչո՞ւ նոր նամակ կամ դիմում չէր հղվել։
Պատասխան. 2022թ. սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո հետևանքով Հայաստանի կողմից ՄԱԿ ԱԽ ներկայացված դիմումից ի վեր ձևավորվել է ՄԱԿ ԱԽ համապատասխան օրակարգային կետ՝ Ձեր կողմից նշված խորագրով։ Սա ընդունված երևույթ է ՄԱԿ ԱԽ֊ում և ունի շատ պարզ տեխնիկական հիմնավորում՝ ԱԽ օրակարգը չծանրաբեռնել միևնույն կամ շատ մոտ հարցերի տարբեր ձևակերպումներով։
Ընդգծենք, որ սեպտեմբերի 13-ի նամակով ՄԱԿ ԱԽ ուշադրությանն է ներկայացվել ՀՀ ԱԳ նախարարի նամակն Ադրբեջանի զինված հարձակման, ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք սպառնալիք են հանդիսանում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։
Ավելի ուշ՝ 2022թ. դեկտեմբերից արդեն Լաչինի միջանցքի արգելափակման խնդրի և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի առնչությամբ հրավիրված երկու քննարկումներն էլ անցկացվել են այդ նամակին հղումով և օրակարգի կետի ներքո։
Հարկ է նշել, որ և՛ նախորդ տարվա դեկտեմբերի, և՛ ս.թ. օգոստոսի հանդիպումներին ընդառաջ Հայաստանը ՄԱԿ ԱԽ անդամների ուշադրությանն է ներկայացրել հատուկ դիմում-նամակներ՝ Լաչինի միջանցքի խնդրի քննարկման նպատակով։ Բացի այդ, Լաչինի միջանցքի շրջափակման և ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ մի քանի տասնյակ նամակներ են շրջանառվել ինչպես ՄԱԿ Անվտանգության խորհրդում, այնպես էլ Գլխավոր ասամբլեայում, և այլ միջազգային հարթակներում»։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
- Ադրբեջանցիները Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ հարձակվել են հայ աղջկա վրա
- Մենուա Սողոմոնյան. ՄԱԿ-ի ԱԽ նիստում հնչած ելույթներում երբեք չարտահայտվեց «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» ձևակերպումը
- ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
- ՌԴ ներկայացուցիչը գաղտնազերծեց, թե ինչ փոխզիջումներ են առաջարկել կողմերին
- Մենք ի գիտություն ենք ընդունում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով․ ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչ
- Ֆրանսիան կոչ է անում՝ առանց խոչընդոտների մարդասիրական կառույցները հնարավորություն ունենան աշխատելու ԼՂ բնակչության հետ՝ Լաչինի միջանցքով
- Արցախի նախագահ. Մեր ակնկալիքն ու պահանջն է ՄԱԿ-ի ԱԽ-ից վերականգնել Լաչինի միջանցքով անխափան ու երկկողմանի տեղաշարժը
- Արցախում 120 հազար մարդուց արդեն ունենք 119,999, դա զուտ թիվ չէ. Ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
- Օսկանյան. Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ-ի ԱԽ նիստում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը
- Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստը կկայանա օգոստոսի 16-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան