Բուդապեշտն ու Բաքուն ստորագրել են քաղաքական համաձայնագիր
Բուդապեշտն ու Բաքուն ստորագրել են քաղաքական համաձայնագիր, որի համաձայն՝ Հունգարիային ադրբեջանական գազի մատակարարման ծավալը կավելանա մինչև 1 միլիարդ խորանարդ մետր:
«Գազետա․ռու»-ի փոխանցմամբ, Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտնել է, որ 2023 թվականի չորրորդ եռամսյակում Հունգարիան Ադրբեջանից 100 միլիոն խորանարդ մետր գազ կգնի։
Նա նաև հայտարարել է Հունգարիայի պահեստարաններում 50 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ պահելու մասին պայմանագրի մասին:
Ըստ Սիյարտոյի, Հունգարիան երկար ժամանակ զարգացրել է համագործակցությունը Ադրբեջանի հետ, և քաղաքական համաձայնագիրը նախատեսում է գազի մատակարարումների հետագա ավելացում մինչև մեկ միլիարդ խորանարդ մետր: Նա նաև նշել է, որ Հունգարիան աշխատում է գազի մատակարարումների դիվերսիֆիկացման ուղղությամբ և դիտարկում է Էկվադորից նավթ ներկրելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցրել էր 2012 թվականին, երբ այդ երկիրը Ադրբեջանին էր արտահանձնել 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին, որն Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո հայտնվել էր ազատության մեջ և պետական պարգևների արժանացել։