Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ծննդյան տարեդարձն է
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է։
«Որդիական սիրով շնորհավորում ենք Նորին Սրբությանը ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Մեր աղոթքն է առ Բարձրյալն Աստված, որ Տերը զորակից լինի Հայոց Հայրապետին քրիստոսաշավիղ նվիրական առաքելության մեջ: Ի սրտե մաղթում ենք կենաց արևշատություն, քաջառողջ երկար տարիներ ու արդյունաշատ հովվապետություն այս դժվարին օրերին հովվելու ամենայն հայոց հավատավոր հոտը` ի փառս Քրիստոսի, ի բարօրություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն մեր Հայրենիքի»,- նշում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը (ավազանի անունով՝ Կտրիճ Ներսիսյան) ծնվել է 1951 թ. Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում: 1965 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարան: 1970 թ. դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ստեփանոս նախասարկավագի տոնին, ձեռնադրվել է սարկավագ: 1971 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Հոգևոր ճեմարանը և նշանակվել տեսչի օգնական՝ միաժամանակ դասավանդելով «Նոր Կտակարան» առարկան:
1972 թ., ձեռամբ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Գարեգին աբեղա: Նույն թվականին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ մեկնել է Վիեննա՝ ուսումը շարունակելու Վիեննայի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում: 1975 թ. նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ, միաժամանակ շարունակել է աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում: 1979 թ. վերադարձել է Մայր Աթոռ և Վազգեն Ա Կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել Զագորսկ (Ռուսաստան)՝ ուսումնառությունը շարունակելու Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում:
1980 թ. նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օգնական, 1983 թ. ապրիլին՝ առաջնորդական փոխանորդ: Նույն տարվա հոկտեմբեր ամսին ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ 1992 թ. ստացել արքության պատիվ և տիտղոս:
1989 թ. Արարատյան Հայրապետական թեմի հովանու ներքո Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը:
1990 թ. Արարատյան Հայրապետական թեմում հիմնել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որը համակարգում էր թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական դաստիարակությունը՝ թվով 56 հանրակրթական դպրոցներում:
1992 թ. Գարեգին արքեպիսկոպոսի ջանքերի շնորհիվ ՀՀ կառավարության որոշմամբ մայրաքաղաքում գտնվող պիոներպալատներից երեքը փոխանցվել են Հայ Առաքելական Եկեղեցուն և մանուկների ու պատանիների հոգևոր ու գեղագիտական կրթության նպատակով վերակազմավորվել են՝ կոչվելով Հայորդյաց տներ։ Այս կրթական հաստատությունների գործունեությունը հնարավոր է եղել շարունակաբար արդյունավորել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգային մեծ բարերար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ մեծազնիվ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի ազնիվ աջակցությամբ։
1990 թվականից Նորին Սրբազնությունը Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ է:
1993 թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը նշանակվել է Տնտեսաֆինանսական հանձնաժողովի նախագահ և Մայր Աթոռի ներքին գործերի և բաժինների պատասխանատու ղեկավար։ Հանձնաժողովի կազմն ընդլայնվել է 1994 թ.։
1995 թ. կաթողիկոսական ընտրության ժամանակ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը թեկնածուներից մեկն էր: Ընտրության երրորդ փուլում նա հանեց իր թեկնածությունը՝ հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի:
1997-2000 թթ. եղել է ՀՀ նախագահին առընթեր ներման հանձնաժողովի անդամ։
1998 թ. Գարեգին Ա Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ:
1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային-եկեղեցական ժողովում Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է Ծայրագույն պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց՝ նոյեմբերի 4-ին ստանալով կաթողիկոսական ձեռնադրություն և օծում: