Ես ակնկալում եմ, որ դատարանը կպարտադրի իշխանություններին հիմնավորել իմ՝ Հայաստան մուտք գործելու արգելքը․ Մուրադ Փափազյան
«Հուսով եմ` այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 15.00-ին (Հայաստանի ժամանակով) մեկնարկելիք նիստում Վարչական դատարանը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից հստակ պատասխան կպահանջի, թե ինչու են ինձ արգելել մուտք գործել Հայաստան»,-նման հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։
Նա նշել է՝ տարբեր պաշտոնական վարկածները մեկ տարուց ավելի հակասում են միմյանց։ Ի վերջո, պատճառաբանվեց «պետական գաղտնիքը»։
«Այժմ ժամանակն է բացահայտելու իրական դրդապատճառները, որոնք դրդել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գնալ այս քայլին։ Ես միակը չեմ, քանի որ Հայաստան վերադառնալու իմ արգելքից մի քանի օր անց նույն ճակատագրին արժանացան Սյունե եւ Մասիս Աբրահամյանները, մի քանի ամիս անց՝ Նժդեհ Գարակավորյանը, Ասլան Ասլանյանը եւ Արենի Մարկոսյանը։ Բոլորն էլ Դաշնակցության անդամներ են։
Հասկանալի է՝ խախտվել են իրավունքի և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։ Ազատությունների և ժողովրդավարության դրոշները ծածանելով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ամեն քայլափոխի ոտնահարում է դրանք։
Հայաստանի, Արցախի և Հայ դատի պաշտպանությանը ծառայելու իմ 40 տարվա հանձնառությունը հիմնված է խոր համոզմունքների վրա։ Եւ անկախ ամեն ինչից ես շարունակելու իմ պայքարը Հայաստանի և Արցախի համար՝ բոլոր հնարավոր հարթակներում։ Հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի անվտանգության եւ անկախության է, որ մենք պետք է շարունակենք պայքարը։ Կառավարություններն անցնում են, ժողովուրդը մնում է։ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի մասնավոր սեփականությունը չէ։ Օրենքի գերակայությունն ունի իր կանոնները, և Նիկոլ Փաշինյանը խախտել է դրանք։
Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի արդարադատությունը կպարտադրի իշխանություններին՝ հրապարակել իմ մուտքի արգելքի պատճառները։
Դատական նիստը, որը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ին, էական նշանակություն կունենա Հայաստանի ժողովրդավարական մակարդակը որոշելու համար։ Իմ վճռականությունն անսասան է։ Եթե Հայաստանի արդարադատությունը ցույց տա այս խնդիրը լուծելու իր անկարողությունը, ես Հայաստանի կառավարության դեմ պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,-ասված է Փափազյանի տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Մուրադ Փափազյան. Եկել է Սրբազան Միության ժամանակը
- «Հրապարակ». «Իմ ընկեր Մուրադ Փափազյանից ի՞նչ ես ուզում, ինչո՞ւ ես արգելել նրա մուտքը Հայաստան»
- Մենք պայքարելու ենք, որ Հայաստանը ազատվի այս ռեժիմից. Մուրադ Փափազյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան