Արայիկ Հարությունյանին նմանակող Դավիթը շարունակելու է բողոքը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին նմանակող, երբեմն ծաղրող ու քննադատող Դավիթ Մինասյանն այսօր արդեն աշխատանքի է գնացել։ Panorama.am-ի հետ զրույցում նա հայտնեց, երեկ իր հետ կապվել են Արցախի ՄԻՊ գրասենյակից ու հետաքրքրվել միջադեպի մանրամասներով։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահի նստավայրի դիմաց հավաք նախաձեռնած Դավիթ Մինասյանը կեսգիշեր անց տարվել է ոստիկանության Ասկերանի բաժին, այնտեղ ծեծի է ենթարկվել։
«Հավաքը քանի գնաց շատացավ, հավաքվել են մոտ հարյուր հոգի։ ՄԵնք ասում ենք՝ սոված ենք։ Մյուսն եկել է ասում է, երեխան թերսնվածության հետևանքով պառկած է, դեղեր է ընդունում։ Խանութներում ոչ մի բան չկա, որ ուտենք։ Սոցապի պահեստներում ուտելիք կա։ Ասում ենք՝ եղածը հավասարաչափ բաժանեք»,-պատմում է Դավիթն ու ավելացնում, հացի հերթերում որևէ անգամ պաշտոնյայի ընտանիքի անդամ չի տեսել։
Հավաքի ավարտից հետո տուն վերադառնալիս, նրա խոսքով, Արցախի ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժնման աշխատակիցները՝ մոտ վեց հոգով ձեռքերից բռնած մեքենա են նստացրել, ձեռնաշղթաներ հագցրել, հայհոյանք տալով հարվածել են մարմնի տարբեր հատվածներին։
«Ուշունց տալով՝ հարվածներ էին հասցնում։ Ես կարծում եմ, սա արել են, որ էլ ցույց չանեմ։ Ես որոշել եմ շարունակել բողոքը, թե համացանցում, թե իրական կյանքում։ Հավաք լինելու է, ես շարունակելու եմ բողոքը։ Քանի գնալու է, վիճակը վատանալու է։ Ես ասում եմ՝ միայն իշխանավորների համար չի պրոդուկտը գալիս»,-ասաց Դավիթը։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Մինասյանը մանրամասներ է հայտնում իրեն ոստիկանություն տանելու վերաբերյալ
- Արայիկ Հարությունյանին նմանակող, ծաղրող քաղաքացուն ոստիկանությունում ծեծել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան