Օգոստոս ամսվա սկզբից մինչև կեսերը դեպի Ստեփանակերտ ջրի հոսքը երեք անգամ նվազել է. Գագիկ Պողոսյան
«Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի տարբեր մասերում տեղադրված են ջրի 19 բաքեր: Երբ ջրի մեքենան հերթական անգամ լցնում է Ազատամարտիկների 9 շենքի բակում տեղադրված երկու տոննայանոց բաքը, շենքի բնակիչները տան եղած ջրամաններով շտապում են բակ: Շաբաթից ավել է՝ շենքի բնակիչները տներում ջուր չունեն»,-ասվում է «Հետք»-ի հրապարակած հոդվածում:
«Արևիկ Լալայանի ջրի ամանները մեկ մեծ, երկու փոքր ջրի տարաներն են ու 5 լիտրանոց դույլը: Երեք օր արտեզյան ջրամբարից էր ջուր բերում տուն: Չորրորդ օրը շենքի բակում տեղադրեցին ջրի բաքը:
«Առաջին օրը լրիվ անսպասելի էր, երբ ջուրը կտրեցին: Աշխատանքից եկել էի տուն ու իջել հացի հերթի: Շենքի բնակիչները այդ ընթացքում զրուցում էին: Մեկ էլ չորրորդ հարկի հարևանս կանչեց, թե բա՝ արագ ջուր վերցրու՛, ջրերը կտրում են: Ես, մինչև հացի հերթը թողած, վազելով հասա տուն, տեսա մերն արդեն կտրել են: Տանն էլ մարդ չկար, որ ջուր վերցնի։ Այդ օրը ստիպված մնացինք առանց ջրի»,- ասում է Արևիկ Լալայանը:
Նա հայոց լեզու և գրականություն է դասավանդում Ստեփանակերտի հայ-իտալական կրթահամալիրում: 5 տարեկան դստերը առավոտյան տանում է մանկապարտեզ, հետո գնում աշխատանքի։ Այդ օրը մանկապարտեզում երեխայի ծնողական ժողովն էր։
«Գնացի, մասնակցեցի, հետո դուրս գալիս երեխան ասաց, որ ծարավ է։ Քանի որ տանը ջուր չկար, բարձրացանք հրապարակ: Ցայտաղբյուրից ջուր խմեց, հետներս վերցրած շիշը ջրով լցրինք։ Որոշեցինք մնալ դրսերում ու քայլել։ Մտածում էինք ուշ գնալ տուն, գուցե ջրերը տված կլինեն։ Եկանք տուն, տեսանք ջուր չկա: Իջանք, հարևաններից հարցուփարձ արեցինք, ասացին՝ մոտակայքում արտեզյան կա, այնտեղից են ջուր բերում»,- պատմում է Արևիկը։
Ուշ երեկոյան դույլերը վերցրել է, իջել ջուր բերելու։ Բերածը ընթրիքի ու տան գործերի համար է օգտագործել։ Հույս ուներ, որ գիշերը ջրերը կտան։
«Գիշերը չքնեցի, սպասում էի: Երեխային լողացրի, ամանները լվացի: Ասել էին՝ գիշերը կլինի: Առավոտյան ժամը 4-ին երկու ժամով տվեցին: Շատ բարակ էր հոսում ջուրը։ Հազիվ մի երկու բան տանը հասցրի անել, բայց հաջորդ օրվա համար ջուր վերցնել չհաջողվեց: Հազիվ լվացքին հերիքեց: Հաջորդ օրը առավոտյան արդեն ավելի մեծ քանակով ջուր բերեցինք դույլերով, որովհետև ամեն ինչ պետք է այդ ջրով անեինք»,- ասում է Արևիկ Լալայանը։
Երկրորդ գիշերն արդեն ջուր չկար: Հաջորդ օրը կիրակի էր, ջուր շատ էր պետք գալու։ Ողջ կիրակի օրը ծախսել է ջուր կրելու վրա:
Ասում է՝ արտեզյանից ջուր բերելը նրանով էր վատ, որ երբ լույս չէր լինում, ջրամբարը չէր աշխատում ու ջուր վերցնել հնարավոր չէր: Մյուս կողմից էլ լավ էր՝ հովհարային անջատման ժամին գոնե հասցնում էր հանգստանալ։ Արդեն չորրորդ օրից «Ջրմուղ կոյուղու» աշխատողները շենքի բակում ջրով բաք են տեղադրել: Ջուրը այդտեղից են վերցնում:
Տնային բոլոր գործերը՝ ամանները լվանալը, լվացք անելը, ճաշ պատրաստելը և սովորական խմելու ջուրը Արևիկը շենքի բակի բաքից է բերում։ Բաքն էլ, իր խոսքով, հաշված րոպեների ընթացքում դատարկվում է։ Ասում է՝ ինքն էլ, շենքի բնակիչներն էլ բողոքել են։
«Մի քանի անգամ զանգել ենք քաղաքապետարան, «Ջրմուղ կոյուղի»: Ոչ մի տեղից չգիտեն, թե երբ տներում ջուր կունենանք»,- նշում է Արևիկ Լալայանը:
«Ջրմուղ կոյուղու» տնօրեն Գագիկ Պողոսյանի խոսքով՝ օգոստոս ամսվա սկզբից մինչև օգոստոս ամսվա կեսերը դեպի Ստեփանակերտ ջրի վերգետնյա հոսքը երեք անգամ նվազել է ջերմաստիճանի բարձր լինելու պատճառով»,- ներկայացնում է հոդվածագիրը։
Հոդվածն ամբողջությամբ՝ կից հղումում:
Հարակից հրապարակումներ`
- Ես ութ ամսից ավել է զրկված եմ իմ բալիկին գրկելու, համբուրելու հնարավորությունից. Ստեփանակերտի բնակչուհի
- Ալյուրի սղության պատճառով վերջին օրերին Ստեփանակերտում քիչ թվով փռեր են աշխատում
- Վաղվանից Ստեփանակերտի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք
- Ստեփանակերտը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն
- Ջրի ճգնաժամն արդեն Հայաստանում է, չգիտենք՝ ինչ է նշանակում ջրի կառավարում. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան