Մոսկվայում հայտնաբերել են ստորգետնյա էքսկուրսիայի բոլոր մասնակիցների մարմինները
Մոսկվայում հայտնաբերել են կոլեկտորների էքսկուրսիայի բոլոր մասնակիցների մարմինները։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից, փոխանցում է։«Ռիա Նովոստի»-ին։
Նեգլինկա գետի կոլեկտորներում էքսկուրսիան տեղի է ունեցել օգոստոսի 20-ին։ Դիգեր-էքսկուրսավարը յոթ հոգուց բաղկացած խմբի հետ միասին, ապօրինի շրջայց է կազմակերպել Մոսկվայի Նեգլինկա գետի ստորգետնյա կոլեկտորով: Այդ ժամանակ ուժեղ անձրև է սկսվել, որի պատճառով կոլեկտորներում բարձրացել է ջրի մակարդակը։ Թունելը, որից ելք չի եղել, գրեթե ակնթարթորեն հեղեղվել է։ Արդյունքում զոհվել են էքսկուրսիայի բոլոր մասնակիցները, այդ թվում՝ անչափահաս մի աղջիկ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության պահանջները չբավարարող ծառայություններ մատուցելու վերաբերյալ, որոնք անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ էքսկուրսիայի կազմակերպիչներից մեկին՝ Նիկիտա Դուբասին, արդեն ձերբակալել են, նրան մեղադրանք է առաջադրվել: Մեկ այլ կազմակերպչի՝ «Սպուտնիկ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կիմին ձերբակալել են Սանկտ Պետերբուրգում, նրան կտեղափոխեն Մոսկվա: Երրորդ մեղադրյալը «Ավանգարդ»-ի ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Լազովսկին է, որը հասցրել է լքել երկիրը՝ նախօրեին մեկնելով ԱՄԷ։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: