Նախագիծը ֆինանսական վնաս կպատճառի վրացական համարանիշներով մեքենա ունեցող 10.000 ՀՀ քաղաքացու
ՊԵԿ-ը e-draft.am կայքում հանրային քննարկման է դրել կառավարության որոշման մի նախագիծ, որով, ըստ էության, վրացական պետհամարանիշներով մեքենաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին ցանկանում է պարտադրել դրանք մաքսազերծել Հայաստանում:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Վրաստանում ավտոմեքենաների մաքսազերծման համար օրենքով սահմանված վճարների չափերի ԵԱՏՄ օրենսդրությամբ նախատեսված վճարմերի չափերի համեմատ անհամեմատ ցածր լինելու պատճառով ՀՀ-ում ավտոմեքենաները օրենքով սահմանված կարգով մաքսազերծելու և գրանցելու փոխարեն ավտոմեքենաները մաքսազերծվում և գրանցվում են Վրաստանում և ներմուծվում ու տնօրինվում են ՀՀ-ում ձևական ժամանակավոր ներմուծում ձևակերպելու ճանապարով:
Ներկա պահին ՀՀ տարածքում վերոհիշյալ կարգավիճակով շահագործվում են մոտ 10.000 միավոր ավտոմեքենա: Արդյունքում վճարումներ չեն կատարվում պետական բյուջե թե մաքսատուրքերի, թե ավելացված արժեքի հարկի և թե գույքահարկի գծով: Դրա փոխարեն ՀՀ-ում շահագործվող ավտոմեքենաների համար վերը նշված գումարները վճարվում են հարևան երկրի պետական բյուջե:
Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկվում է, որ ԵԱՏՄ ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում հաշվառված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման դեպքում կիրառվի ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վճարման ապահովման ձևը՝ դրամական միջոցներով վճարման պարտավորության կատարման ապահովումը։ Այս պարագայում ԵԱՏՄ ֆիզիկական անձինք (ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիները) Վրաստանում գրանցված տրանսպորտային միջոցը ՀՀ ժամանակավորապես ներմուծելու նպատակով ստիպված կլինեն այդ մեքենան ազատ շրջանառության համար բացթողնելու համար վճարման ենթակա մաքսատուրքի և հարկերի չափով գումար վճարել հատուկ դեպոզիտային հաշվին, որը նրանց կվերադարձվի տվյալ ավտոմեքենան վերաարտահանելիս։ Սա, ըստ էության, անիմաստ կդարձնի դրանց ձևական ժամանակավոր ներմուծումը»։
Ըստ ՊԵԿ-ի, առաջարկվող սահմանափակումը չի տարածվի օտարերկրյա անձանց վրա, սակայն վերջիններս ստիպված կլինեն վճարման ապահովում ներկայացնել իրենց կողմից ներմուծվող երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ տրանսպորտային միջոցի համար, եթե դրանց ներմուծման պահին առկա կլինի նախկինում ժամանակավոր ներմուծված և տվյալ պահին դեռևս չվերաարտահանված թեքուզև մեկ ավտոմեքենա:
Եթե նախագիծն ընդունվի, ապա Հայաստանում շահագործվող 10.000 ից ավել վրացական համարանիշներով ավտոմեքենաները վաղ, թե ուշ մաքսազերծվելու են Հայաստանում, քանի որ տարվա մեջ մեկ անգամ պարտադիր պետք է Վրաստանի տարածքում գործընթաց անցնեն, հետևաբար վերաներմուծվելիս դրանց սեփականատերերը ստիպված են լինելու կատարել որոշմամբ սահմանված վճարումները, որը համահավասար է մաքսազերծման գումարի չափին, կամ դրանք ուղղակի մաքսազերծեն:
ՊԵԿ մամուլի ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ ընդամենը հանրային քննարկման դրված նախագիծ է և չեն մեկնաբանում այն՝ հնարավոր համարելով ստացած հանրային կարծիքների հիման վրա ընդհանրապես շրջանառությունից նրա հանելու կամ հիմնովին լրամշակելու տարբերակը:
Հիշեցնենք, որ գործադիրը նախկինում էլ էր միջոցներ ձեռնարկել Վրաստանում մաքսազերծված մեքենաների՝ Հայաստանում շահագործելու դեմ՝ ժամանակավոր ներմուծման համար տարեկան տուրքը 2%-ից 4%-ի հասցնելով:
Վրաստանում մաքսազերծված մեքենայի սեփականատեր Հ. Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագիծը լուրջ նյութական վնաս կհասցնի իրեն և իր նման 10000 ՀՀ քաղաքացիներին և երկքաղաքացիներին: Նա բացատրեց, որ իրենք ստիպված են լինելու այդ մեքենաները էժան գներով կրկին վերավաճառել Վրաստանում, քնի որ Հայաստանում մաքսազերծումը ձեռնտու չի լինի: Հ. Սարգսյանն ասաց, որ մաքսազերծման դեպքում կրկնակի մաքսային արժեք կգումարվի մեքենայի վրա, քանի որ նրա գնի մեջ արդեն ներառում է Վրաստանում մաքսազերծման արժեքը, հետևաբար ոչ ձեռնտու և անիմաստ կլինի դրան գումարել նաև Հայաստանի անհամեմատ ավելի բարձր մաքսազերծման արժեքը: Հայ վարորդը, որպես խնդրի լուծում, առաջարկում է, որ որոշումը տարածվի նրա ընդունման և ուժի մեջ մտնելուց հետո գնված նման մեքենաների վրա:
Նշենք, որ հոդվածի հրապարակման պահին e-draft.am կայքում հանրային քննարկման դրված նախագծին դեմ էին արտահայտվել 97%-ը, կողմ՝ 3%-ը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում մեքենաների ներկրման տարիքային սահմանափակումը ոչ արդիական է․ Ավտոներկրողներ
- Վրաստանում մեքենայի կրկնակի տեխզննումը, հավանաբար, վճարովի կդառնա
- Վրաստանում մեքենաների գները կբարձրանան 10-15%-ով
- Վրաստանում մեքենաների գները թանկանում են
- Հարցում. ԱՊՀ 11 երկրներում և Վրաստանում Մաքսային Միության վերաբերյալ առաջնորդների և ժողովրդի տեսակետները տարբեր են