Արցախ. շրջափակման 254-րդ օր
Արցախի Հանրապետության կառավարությունը հրապարակել է տեղեկագիր՝ ներկայացնելով շրջափակման 254-րդ օրվա դրությամբ երկրում տիրող իրավիճակը.
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,835 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 20 դեպքով։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 721 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: Օգօստոսի 21-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ևս 41 հոգի տեղափոխվել են Հայաստան: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս շարունակ դադարեցվել էին տեղափոխությունները մայիսին, կրկին կասեցվել հունիսի 15-ին, որից հետո որոշակի ընդհատումներով ու լրացուցիչ խոչընդոտներով շարունակվում են առ այսօր:
Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 225 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (254 օրվա ընթացքում մարդկանց 622,300 -ի փոխարեն՝ 2,764 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 4 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 61 ելքի և մուտքի դեպք՝ ԿՄԽԿ-ի և ռուս խաղաղապահների մեքենաներով:
Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 78 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (254օրվա ընթացքում 230,680-ի փոխարեն՝ 2,964 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 4օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների 4 մուտք և ելք՝ ԿՄԽԿ-ի մեքենաները:
Շուրջ 18 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (254 օրվա ընթացքում մոտ 101,600 տոննայի փոխարեն՝ 5,715 տոննա, որից վերջին 4 օրվա ընթացքում՝ 0 տոննա:
Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 187 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 225 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
Շրջափակումից ի վեր 1468 տնտեսավարող սուբյեկտ (ընդհանուրի 34,3 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը։
Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 17,000 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը)։ Ցուցանիշը հատկապես վերջին շրջանում արագորեն աճում է։ Շրջափակման հետևանքով լրիվ կամ մասնակի տուժել են տնտեսության բոլոր ոլորտները։
Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 483 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 53 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:
Կարևոր փաստեր
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը արգելափակել է բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհով (Լաչինի միջանցքով), բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների։ Սակայն հունիսի 15-ից արգելվել է նաև վերջիններիս տեղաշարժը: Տասնօրյա արգելափակումից հետո՝ հունիսի 25-ից վերսկսվել է ԿԽՄԿ-ի գործունեությունը Լաչինի միջանցքով, սակայն խաղաղապահներին դեռևս արգելված է մատակարարել սնունդ և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ: Ադրբեջանը հուլիսի 11-ից արգելափակել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։
Ադրբեջանական ահաբեկչական հանցագործությունների հետևանքով Արցախի 120,000 բնակչությունն ունի սննդի, դեղորայքի, վառելիքի և շատ այլ կենսական նշանակության ապրանքների խիստ սղություն: Նրանք առերեսվում են նաև ծանր խնդիրների ջեռուցման, կրթության, առողջապահության և կյանքի այլ հիմնական ոլորտների հետ կապված, որոնք հանգեցրել են հումանիտար լուրջ ճգնաժամի և մարդու հիմնարար իրավունքների խախտումների։
Շրջափակման պայմաններում սննդի սղության պատճառով հունվարի 9-ից մասնակի է աշխատում 20 երկարօրյա ուսումնական հաստատություն, իսկ տարբեր ժամանակահատվածներում՝ լրիվությամբ կամ մասնակիորեն դադարել էին նաև մանկապարտեզների ու դպրոցների աշխատանքները։
Շրջափակման հենց սկզբից կտրուկ պակասեցին և այնուհետև բացակայեցին մի շարք սննդատեսակներ, հատկապես՝ բանջարեղենի ու մրգերի գրեթե բոլոր տեսակները, քանի որ դրանք ներկրվում էին Հայաստանից: Հաշվի առնելով սննդամթերքի սղությունը ՝ Արցախում հունվարի 20-ից գործում է հատուկ կտրոնային համակարգ, որի շրջանակներում սահմանափակ ծավալով վաճառվում են՝ մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ, ձեթ, միրգ, բանջարեղեն, ձու, ինչպես նաև՝ ոչ պարենային ապրանքատեսակներից՝ վառելիք ու լվացքի փոշի, իսկ հունիսի 15-ից նշված ապրանքներից ոչ մեկի մատակարարում տեղի չի ունեցել ընդհանրապես:
Շրջափակման հարուցած հումանիտար ճգնաժամն էլ ավելի սրելու նպատակով Ադրբեջանը թիրախավորել է նաև Արցախի քաղաքացիական կենսական ենթակառուցվածքները՝ հունվարի 9-ից ամբողջությամբ անջատելով Հայաստանից-Արցախ էլեկտրամատակարարումը, ինչպես նաև շրջափակման սկզբից պարբերաբար, իսկ մարտի 21-ից վերջնականապես խափանելով միակ գազամատակարարումը Հայաստանից: Հուլիսի 8-ին Ադրբեջանը անսպասելի կերպով վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը և ժամեր հետո նորից ընդհատել այն: Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիայի ներքին արտադրության ծավալները շատ ավելի քիչ են, քան՝ սպառումը, իսկ Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն էլ գնալով նվազում են՝ հունվարի 10-ից Հանրապետությունն անցել է օրական 6-ժամյա հովհարային անջատումների։
Հարակից հրապարակումներ`
- Մեր հայրենակիցներն Արցախում սովամահության շեմին են. Հայերը՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց
- Արշավիր Ղարամյան. Արցախում ցանկացած պահի հնարավոր է սկսվի անկառավարելի քաոս
- Արցախում սնունդ ու հիգիենայի պարագաներ են տրամադրվել ավելի քան 50.000 անձի
- Պաշարված Արցախում 1815 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից
- Աբրահամյան. Միակ գործոնը, որն այսօր խառնում է Արցախի հանձնման` դրսի ու ներսի շահառուների խաղաքարտերը, Արցախում ապրող մարդիկ են
- «Անհնար է դիմանալ, բան չկա սարքելու, որ ուտեն»․ Արցախում 8 երեխայի մայր
- Արցախում կաթնամթերքի արտադրամասերը դադարեցնում են իրենց գործունեությունը
- Արցախում հիվանդ երեխաներն առերեսվում են բազմաթիվ խնդիրների. Մանկական նյարդաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան