Աշխարհահռչակ վիտուոզ դաշնակահար Նոբույուկի Ցուջին ելույթ կունենա Երևանում
«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկում է իր աշնանային համերգաշարն աշխարհահռչակ վիտուոզ դաշնակահար Նոբույուկի Ցուջիի երկար սպասված մենահամերգով։ Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Փառատոնից հայտնում են, որ ծրագրում կհնչի՝ Լյուդվիգ վան Բեթհովեն, Ֆերենց Լիստ, Մորիս Ռավել, Նիկոլայ Կապուստին։
«The Observer»-ի կողմից «վիրտուոզության մարմնավորում» տիտղոսին արժանացած ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջին՝ Նոբուն, ով ի ծնե կույր է, 2009թ-ին ստացել է Վան Քլայբըրնի միջազգային մրցույթի ոսկե մեդալը, ինչին հետևել է դաշնակահարի հեղինակության տարածումը ողջ աշխարհում` այն յուրահատուկ ուժի և հուզմունքայնություն համար, որ առկա է նրա կատարումներում։
Նոբուն հանդես է եկել այնպիսի առաջատար նվագախմբերի հետ, ինչպիսիք են Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Ֆիլհարմոնիա նվագախումբը, Բի֊Բի֊Սի֊ի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ճապոնիայի սիմֆոնիկ նվագախումբը, Յոմիուրի Նիպպոն Սիմֆոնիկ նվագախումբը, Տոկիոյի սիմֆոնիկ և Ճապոնիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Սիեթլի և Բալթիմորի սիմֆոնիկ նվագախմբերը, Մյունխենի ֆիլհարմոնիկը, Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախումբը և Բազելի սիմֆոնիկ նվագախումբը։ Նա համագործակցել է նաև մի շարք աշխարհահռչակ դիրիժորների հետ, որոնց թվում են Վալերի Գերգիևը, Վլադիմիր Աշքենազին, Վլադիմիր Սպիվակովը, Խուանխո Մենան, Վասիլի Պետրենկոն, այլք։
Մենահամերգներով Նոբուն ելույթ է ունեցել Հյուսիսային Ամերիկայի մի շարք խոշոր քաղաքներում՝ այդ թվում Նյու Յորքի Քարնեգի համերգասրահի Շտերն սրահում։ Բացի այդ, նա կանոնավոր կերպով հանդես է գալիս Եվրոպայի ամենահայտնի համերգասրահներում, որոնց թվին են պատկանում Փարիզի Շանզ Էլիզե համերգասրահը, Լոնդոնի Ալբերտ թագավորական սրահը, Բեռլինի Ֆիլհարմոնիան և Վիեննայի Մուզիքֆերայնը։
2018-2019թթ.-ի համերգաշրջանում Նոբուն ելույթ է ունենալու Իսլանդիայի սիմֆոնիկ նվագախմբի և Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ՝ Վլադիմիր Աշքենազիի և Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։ Դաշնակահարն այնուհետև պատրաստվում է Օրփեոս կամերային նվագախմբի հետ համերգային շրջագայությամբ մեկնել ԱՄՆ֊ի արևելյան ափ և Ասիական մի շարք երկրներ։ Ավելի ուշ Նոբուն առաջնելույթով հանդես է գալու Լոնդոնի Սաութբենք կենտրոնում՝ «Միջազգային դաշնամուրային շարք» միջոցառման շրջանակներում։ Այս համերգաշրջանի ընթացքում նախատեսվում է մասնակցություն Ռոստոպովիչի փառատոնին, ինչպես նաև մի շարք մենահամերգներ Գերմանիայի խոշոր համերգասրահներում, որոնցից են Բեռլինի ֆիլհարմոնիան և Շտուտգարտի Լիդերհալլեն։
Նոբույուկի Ցուջին «Avex Classics International» ընկերության բացառիկ իրավունքով ձայնագվող արտիստ է, նրա ալբոմները ներառում են Ռախմանինովի թիվ 2 կոնցերտը՝ Բեռլինի գերմանական սիմֆոնիկ նվագախմբի, Չայկովսկու թիվ 1 կոնցերտը՝ Յուտակա Սադոյի և Բի֊Բի֊Սի ֆիլհարմոնիկի, և Բեթհովենի թիվ 5 կոնցերտը՝ Օրփեոս կամերային նվագախմբի հետ։ Ձայնագրության մաս են կազմում նաև Շոպենի, Մոցարտի, Դեբյուսիի և Լիստի ստեղծագործությունների մենահամերգային ձայնագրությունները։ Նախորդ համերգաշրջանի շրջանակներում Նոբուն ձայնագրել է Ռախմանինովի «Վարիացիաներ Պագանինիի թեմայով» ստեղծագործությունը՝ Վասիլի Պետրենկոյի և Լիվերպուլի արքայական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
Նոբուի՝ Քարնեգի համերգասրահի 2011թ-ի մենահամերգի տեսագրությունն արժանացել է Գրամոֆոնի «Ամսվա ձայնագրություն» մրցանակին։ Նույն մրցանակին է արժանացել նաև երաժշտի վերջին տեսագրությունը՝ «Հպվելով հնչյունին․ Նոբույուկի Ցուջիի անհնարին շրջագայությունը» վավերագրական ֆիլմը՝ նկարահանված Փիթեր Ռոսենի կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները