Չեմ զղջում, դատում են, թող դատեն. Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կին
«120 հազար հայ սովի է մատնված այսօր։ Ես իմ մասին մի վայրկյան անգամ մտածելու ոչ մի բան չունեմ։ Դատում են, թող դատեն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Մալիշկա գյուղում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած Նարինե Ասատրյանը։
Հիշեցնենք, որ տիկին Նարինեն մինչ արցախյան երրորդ պատերազմն ապրել է Քաշաթաղի շրջանի Քարեգաh գյուղում։ Մոտ երեք տարի մասնակցել է Արցախի տարբեր շրջանների ականազերծման աշխատանքներին։ Մահացած դաշտերին կյանք պարգևող կնոջ մասին գրել է նաև միջազգային մամուլը։
«Նարինեն Լաչինի շրջանում աշխատող կին ականազերծողներից է։ Նա յոթ երեխա ունի, և քանի որ ապրում է մոտակայքում, աշխատանքից հետո ամեն գիշեր կարողանում է տուն վերադառնալ»,-գրել է «Ալ Ջազիրան»։
Նարինե Ավետիսյանը նաև ռեժիսոր Սիլվա Խնկանոսյանի հայ-ֆրանսիական արտադրության «Վախենալու ոչինչ չկա» վավերագրական ֆիլմի հերոսներից է։ Ֆիլմը ականազերծող հինգ կանանց մասին է։ Այն նկարահանվել է 2018-ին։
«Ականազերծում ենք իրականացրել Մարտակերտում, Մարտունիում, Հադրութում... Տարբեր տեղերում, տարբեր խորության վրա։ Հիմա մտածում եմ՝ չպետք է ականազերծեինք, որ թշնամին չկարողանար մտնել»,-ասում է նա։
Հիմա Նարինեի ընտանիքը բնակություն է հաստատել Վայոց Ձորում։ Ասում է՝ ամեն անգամ մի կտոր հաց ուտելուց մեղավորության զգացում է ունենում, արցախցի կանայք երեխաներին հաց չունեն տալու։
«120 հազար հայի, ազգիս ծնկի է բերելու թշնամու առաջ։ Ու էսքանից հետո ես պետք է զղջա՞մ։ Զղջալու բան չունեմ մի վայրկյան։ Ես ամեն անգամ հաց ուտելուց ասում եմ՝ մենք հաց ենք ուտում, ընդեղ ժողովուրդը սովի է մատնված։ Ուղղակի գժվելու է։ Էն խեղճ կինը չի կարողանում դստեր աճյունը հասցնի Ստեփանակերտ։ Մի խոսքով, չգիտեմ, որը ասեմ, որը թողնեմ։ Այնտեղ վարչապետ գոյություն չունի։ Ինքը շիզոֆրենիկ, գժի մեկն է։ Ես նրան ատելով ատում եմ։ Քանի ինքն է՝ ոչ մի լավ բան չսպասեք»,-բարկանում է տուն-տեղ, աշխատանք, հայրենիք կորցրած կինը։
Երբ Դատարանում իրեն խոսքի իրավունք տրվի, տիկին Նարինեն արդեն գիտի ասելիքը. «Քիչ եմ արել, չեմ փոշմանել, պիտի գլխին կպած լիներ, ուշքն էլ՝ գնացած, ընկած լիներ, պիտի սատկեր»։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 10-ին Ն. Ասատարյանը, ըստ մեղադրական եզրակացության, «ձեռքին եղած փակ անձրևանոցը ղիտավորությամբ նետել է շուրջ 13,5 մետր հեոավորության վրա գտնվող ՀՀ վարչապետի ուղղությամբ, սակայն դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը Ն. Ասատրյանի կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել հանցակազմի հատկանիշ համարվող բռնության բացակայության հետևանքով, այն է՝դիտավորյալ նետված անծրևանոցը չի դիպչել ՀՀ վարչապետին և նրան ֆիզիկական վնաս չի պատճառվել»։
«Բարկությունից էր, որ էդքան հեռու նետեցի։ Շատ բաներ կան, դրանք դատարանում կասեմ։ Այնպես չի, որ անտեղի եմ արել։ Էսքան ամեն ինչը պատճառ չի՞։ Ամեն օր մեր տանը շոշափվում է՝ թե Ղարաբաղի հարցը ի՞նչ է լինելու։ Նիկոլ Փաշինյան կոչվածն ինձ համար վարչապետ չէ, չի էլ կարող լինել։ Նրա երեխաների նկատմամբ ոչ մի բան չունեմ, բայց երբ իր երեխան լավ պատառը տանում է բերանը, չի՞ տեսնում մի ողջ ժողովուրդ այնտեղ սովի է մատնված։ Ես նորից եմ ասում՝ վախենալու բան չունեմ, բայց էս հարցն ո՞վ է լուծելու, եթե մենք այսքան անտարբեր լինենք։ Երբեք չեմ զղջա։ Գոնե էս ամիսների ընթացքում մի լավ բան լիներ, որ ասեի՝ հա էլի, դեպի լավն է գնում։ Չկա նման բան, երեկ նորից զոհ ենք ունեցել։ Ինչի՞ համար զղջամ, որ հայ ազգին ծնկի է բերելու թշնամու առաջ։ Ես զղջալու ոչ մի բան չունեմ»,-ասաց տիկին Նարինեն։
Հիշեցնենք, որ Ն. Ասատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Կնոջը մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի հոդված 44-452 մաս 3-ի հատկանիշներով՝
44 հոդվածը վերաբերում է հանցափորձին և դրա տեսակներին։
452 հոդվածի մաս 3-ը նախատեսում է. «Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- Մալիշկայում Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջ գործն ուղարկվել է դատարան
- Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը սպառնում է երկուսից հինգ տարի ազատազրկում
- Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել
- Վայոց Ձորի մարզում Փաշինյանի ուղղությամբ անձրևանոցը նետած կինը Բերձորից տեղահանվածներից է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան