Ականատես դիտորդ. Ձևավորվել են անհավասար մրցակցային պայմաններ
Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախընտրական միջավայրի վերաբերյալ տեղեկանք է պատրաստել ու հրապարակել «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը։
Տեղեկանքի «Հանրային միջոցներով լուսաբանում» վերնագրի ներքո դիտորդական նախաձեռնությունն արձանագրում է, որ Տ․Ավինյանին որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Երևանի քաղաքապետի առաջադրման մասին լուրերը պտտվում էին դեռևս մինչև նրան Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելը։ Դեռևս 2022թ․ օգոստոսին Տ․ Ավինյանի ներկայությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման աշխատանքներին արդեն իսկ ակտիվ լուսաբանվում էր։
2022թ․ սեպտեմբերին Տ․Ավինյանի Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակվելուց ի վեր նրա պաշտոնեական լիազորությունների իրականացումն ուղեկցվել է ակտիվ հանրային իրազեկմամբ, որի համար օգտագործվել են նաև հանրային միջոցները։ Այսպես՝ Հանրային հեռուստատեսությունը, Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերն ինտենսիվ ծառայեցվել են նրա տեսանելիության բարձրացմանը։ Առանձնակի ակտիվությամբ լուսաբանվել է Տ․ Ավինյանի առօրյա աշխատանքային գործունեությունը, հանդիպումները Երևան քաղաքի բնակիչների հետ, խնդիրների վերաբերյալ գնահատականները, խոստումները, հանձնարարականները և այլն։ Բացի այդ, Հանրային հեռուստաընկերության եթերում նրա հետ անցկացվել են քարոզչական ենթատեքստ ունեցող հարցազրույցներ, օրինակ՝ ապրիլի 17-ին Պետրոս Ղազարյանի հետ, մայիսի 21-ին Շուշան Ռաֆայելյանի հետ։
Հանրային հեռուստաալիքով Տ․ Ավինյանի գործունեության լուսաբանման ինտենսիվությունն ակնհայտորեն գերազանցել է և՛ Երևանի քաղաքապետի պաշտոնակատարի, և՛ Երևանի քաղաքապետի մյուս տեղակալների, և՛ Երևան քաղաքի նախորդ երկու քաղաքապետերի, և՛, թերևս, Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարների և նրանց տեղակալների գործունեության լուսաբանումների ինտենսիվությունը և ծավալը։
«Փաստացի Երևանի քաղաքապետի գործառույթների ստանձնումը, աննախադեպ ակտիվ քարոզչությունը՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ, ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությունը, անհամաչափ լուսաբանումը հանգեցրել են փորձագետների և ավագանու անդամների կողմից անհավասար մրցակցային պայմանների ձևավորման վերաբերյալ գնահատականների»,-ասված է տեղեկանքում։