ԵՊՀ ուսանողները Կատարի համալսարանում զարգացնում են լեզվական հմտությունները
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի երեք ուսանողներ մեկ տարի ժամկետով կրթություն են ստանում Կատարի համալսարանի Ոչ լեզվակիրների համար արաբերենի ուսուցման կենտրոնում։
Համալսարանից հայտնում են, որ երկու բուհերի միջև կնքված համաձայնագրի շրջանակում Դոհայում այժմ վերապատրաստում են անցնում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի երրորդ կուրսի ուսանողներ Արմինե Կարապետյանը, Միլենա Համբարձումյանը և Անահիտ Քոչարյանը։
Կնքված հուշագրի արդյունքում հաստատված այս միջազգային համագործակցությունը հայ-կատարական հարաբերությունների պատմության մեջ առաջին օրինակն է, որի շրջանակում իրականացվում է ուսանողների փոխանակման ծրագիր, գիտության և կրթության ոլորտներում գործակցություն:
Արաբագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Հայկ Քոչարյանի խոսքով՝ ամբիոնի ուսանողները հնարավորություն ունեն արաբերենի գիտելիքները բարելավելու Քուվեյթի, Եգիպտոսի, Հորդանանի համալսարանների հետ համագործակցության շրջանակում։ Կատարի համալսարանի հետ գործակցության շնորհիվ ընդլայնվում են արաբագետ ուսանողների գիտելիքների հարստացման և կատարելագործման հնարավորությունները:
«Կատարի համալսարանում այժմ կրթություն ստացող մեր ուսանողները վերադառնալու են լեզվի իմացության բարձր մակարդակով, մեծ փորձով, միջազգային բազմաէթնիկ ու բազմակրոն միջավայրում սովորելու փորձառությամբ, ինչը նրանց ավելի մրցունակ է դարձնելու աշխատաշուկայում»,- ասաց Հ. Քոչարյանը, ապա հավելեց. «Ծրագիրն իրականացվել է ինչպես ԵՊՀ-ի, այնպես էլ Կատարում ՀՀ դեսպանատան, մասնավորապես Կատարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Արմեն Սարգսյանի և դիվանագետ Լևոն Պետրոսյանի հետամուտ ջանքերի շնորհիվ, ինչի կապակցությամբ շնորհակալություն եմ հայտնում Կատարում ՀՀ դեսպանին և դեսպանատան անձնակազմին»։
Ըստ համաձայնագրի՝ այսօրինակ փոխանակման ծրագրերը լինելու են շարունակական. բուհերի միջև համագործակցությունն ամրապնդվում է, և քննարկումներ են ընթանում ուսանողների և անձնակազմի փոխանակման, հետազոտական և կրթական համատեղ ծրագրեր իրագործելու, ինչպես նաև համատեղ աշխատաժողովներ և գիտաժողովներ կազմակերպելու վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան