Լևոն Թոքմաջյան. Տո ի՞նչ մտավորականություն
Այսօր հաճախ է հնչում հարց՝ ո՞ւր է մտավորականությունը, ինչո՞ւ չի բարձրաձայնում Հայաստանում, Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակի մասին, ինչո՞ւ իրենց խոսքը չեն ուղղում իշխանավորներին, ինչո՞ւ չեն համախմբվում ու համախմբման կոչ անում։
Panorama.am-ն այս և Արցախում ստեղծված իրավիճակի, ելքերի մասին հարցեր ուղղեց քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանին։
Panorama.am- Արցախն ութ ամսից ավելի ապօրինի շրջափակված է թշնամի Ադրբեջանի կողմից։ Ինչո՞ւ հասանք նման վիճակի, ինչի՞ հետևանք է։
Լևոն Թոքմաջյան- Արցախի մասին խոսելիս ցավ եմ զգում։ Երեք տարի Շուշիում եմ ապրել։ Մրցույթ եղավ, Ղազանչեցոց փողոցի վրա երեք տուն կառուցվեց, որոշակի պայմաններով պետք է տրվեր արվեստագետներին։ Ես պետք է ուսանողներ հավաքեի, դպրոց հիմնեի։ Այդ ամենը կատարեցի ու այնտեղ տուն ունեի, ոնց որ մշակույթի կենտրոն լիներ։ 3 տարի գնում էի Շուշի, գալիս էին իմ բոլոր կոլեգաները։ Այնքան հարազատ էր։ Ճիշտ է՝ քարուքանդ էր, կային սևացած շենքեր, բայց կառուցվում էր։ Այնպես չէր, ինչպես Փաշինյանն էր ասում՝ տխուր և մռայլ։ Փայլուն քաղաք էր, երկիր էր։
Ջդրդուզի դաշտավայրը...Երևի աշխարհի երեսին նման վայր չկար՝ ներքում ձոր, սառը ջուր։
Ի՞նչ ասեմ...
Շուշիում սպարապես Վազգեն Սարգսյանի քանդակի վրա աշխատել եմ երկու տարի։ Հրապարակում էի աշխատում։ Այնքան էին համբուրել Վազգեն Սարգսյանի քիթն ու բերանը, փայլում էր։ Իմ աչքի առաջ թուրքը խփեց ու ջարդեց։ Գնացի եղբայրների մոտ, ասացի՝ ինձ մի մեքենա տվեք, գնամ, փրկեմ։ Բայց չկարողացանք փրկել։
Այդ քանդակի կրկնօրինակն արեցի Ջերմուկ քաղաքում տեղադրելու համար։ Անցյալ տարի պետք է լիներ բացումը։ Նորից թուրքն այն կողմից խփեց։
Շատ ցավով եմ ասում... Շուշին... Ախր այնքան բան կա ասելու։ 30 տարի թուրքը կերազեր ոտք դներ Շուշի։ Այդ ո՞նց եղավ, ո՞նց եկավ, որ հանձնվեց։ Շատ լավ գիտեք՝ ոնց եղավ։ Կռիվ չեղավ։
Panorama.am-Այս վիճակից դուրս գալու ելքն ինչպե՞ս եք տեսնում։
Լևոն Թոքմաջյան- Հետևում եմ լրահոսին։ Ամերիկացի մի քաղաքական գործչի հարցազրույց լսեցի, ասում է՝ այսօր Ղարաբաղի ճակատագիրը տեսնում եմ երեք տարբերակով՝ պետք է Արցախի ժողովուրդը թողի ու հեռանա, Ադրբեջանը պատերազմով գրավի, երրորդ տարբերակը՝ ա՜խ, ա՜խ, ա՜խ ինտեգրվի։ Ասում է՝ ինձ թվում է, որ Ղարաբաղի ղեկավարությունը այդ մասին պետք է մտածի։ Բայց այսօր մենակ Ղարաբաղի ղեկավարությո՞ւնն է մեղավոր։ Ինձ թվում է՝ ոչ։ Այսօր բոլորը սխալ ուղու վրա են՝ ամերիկացիները, եվրոպացիները։ Մի մարդ է մեղավոր։ Գիտեք՝ ով է։ Հայաստանի այսօրվա վարչապետն է, նա իր մարմինը փրկելու համար ամեն ինչի է... Մտածում եմ՝ մինչև վերջին հայը չսպանվի, Նիկոլը չի հանգստան։ Համոզված եմ՝ Էրդողանը խոստացել է նրան Թուրքիայի արտաքին գործերի նախարար դարձնի։ Ծիծաղում եք, բայց ես համոզված եմ։ Ի՞նչ ասեմ, չգիտեմ։ Ինչո՞ւ պետք է սենց լիներ։
Մեր ժողովուրդը, ես էլ եմ դրա դրա մեջ, հիմարացել է։ Ամեն օր կռվի մեջ եմ։
Արարատ Միրզոյանն ամեն օր հեռախոսազրույց է ունենում տարբեր երկրների պաշտոնյաների հետ։ Ո՞ւմ է պետք։ Հեքիաթ ես պատմո՞ւմ։ Ցուցակ է լրացնում։
Եթե ընդդիմությունը կարողանա Երևանի առաջիկա ավագանու ընտրություններում քաղաքը գրավել, մի փոքր հնարավորություն կստեղծվի, շանս կունենանք վերահսկելու։ Բայց դրան էլ չեմ հավատում. Նիկոլը շատ լավ գիտի, իրեն ինչքան ձայն է պետք, քեզ ուզում ես կոտորի։
Panorama.am-Այսօր շատ են խոսում՝ մտավորականությունը ձայն չի բարձանում։
Լևոն Թոքմաջյան-Տո ի՞նչ մտավորականություն։ Հենա մտավորականներից մեկն էլ Ռուբեն Բաբայանը՝ տիկնիկային թատրոնի, չի ամաչում, նստում է, այլանդակ բաներ է խոսում։
Panorama.am- Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Արցախ. շրջափակման 254-րդ օր
- Միքայել Ոսկանյան. Դրա համար են մեր մշակույթը արտահանողներին բռնում, նստացնում
- Նման իրավիճակում մեր հարգարժան, տարիքով արվեստագետները չպետք է լռեն, իրենք պետք է խոսեն, օրինակ լինեն մեզ. Միքայել Ոսկանյան
- Զոհվածի հայր. Մտավորականների, գիտնականների լռությունը տարակուսելի և անընդունելի է
- Մշակութային լրագրող. Ես հրաժարվում եմ ընդունել, որ Հայաստանը մտավորականներ ու արվեստագետներ ունի
- Չգիտեմ, եթե մտավորական են կոչվում, արդյոք իրավունք ունեն լինել անտարբեր, տոլերանտ, վախեցած. Շուշան Պետրոսյան
- Մտավորականությունը մասնակցում է Ազնավուրի հրապարակում տեղի ունեցող հավաքին ՝ ի աջակցություն Արցախի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան