«Ափսոս, որ Տիգրանի տեսակն այլևս չկա». Նկարիչների միությունում բացվել է Տիգրան Թոքմաջյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես
Նկարիչների միությունում բացվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Թոքմաջյանի (1923-2004 թթ) 100-ամյակին նվիրված ցուցահանդես։ Նրա բնանկարները, պատմական և կենցաղային ֆիգուրատիվ կտավները, մեծածավալ բազմաֆիգուր որմնանկարները կարևոր տեղ են զբաղեցնում 20-րդ դարի հայ կերպարվեստում։ Նկարչի կենսահաստատ ստեղծագործությունների կենտրոնում հայ մարդն է և նրա ինքնությունը կերտող տարրերը՝ հայ ազգի պատմության կարևվոր, ճակատագրական իրադարձությունները, մշակույթի կարևորագույն գործիչները՝ իրենց թողած ժառանգությամբ և բնությունը՝ այն միջավայրը, ուր ապրում և արարում է հայ մարդը։
Այս տարի Նկարիչների միությունն արդեն երրորդ արվեստագետի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսն է կազմակերպում։ Նկարիչների միության փոխնախագահ Լևոն Աբրահամյանն ասաց, որ այս մարդկանց ընդհանուր կապում է մի ուղի՝ նվիրում հայրենիքին, նվիրում մարդուն, մեծ ծառայություն և այդ ամենի հետևում կանգնած է խոնարհ մարդ։
«Տիգրան Թոքմաջյանը հսկայական աշխատանք է արել։ Մեծ ցավ եմ ապրում, որ մեր հասարակությունը քիչ տեղեկություն ունի նման արվեստագետի մասին։
Երբ հետ ես նայում այդ մարդկանց ուղին, երևի իրենց ոչինչ պետք չի եղել, իրենք միայն մշակի դեր են կատարել՝ անել աշխատանք, թողնել հետք այն մարդկանց համար, ովքեր այսօր այստեղ կանգնած են ու պետք է հիշեն, խոսեն նման գործերի մասին։ Այսօր, կարծում եմ, մեզ բոլորիս պակասում է այդ խոնարհությունը, պակասում է իսկապես լինել ծառա նման գործին։
Իմ խոնարհումն եմ բերում նման մարդկանց հիշատակին ու ասում եմ՝ փառք ձեզ, որ թողեցիք մեծ ու արժանապատիվ հետք, որի վրա հենվելով մենք կկարողանանք ինչ-որ քայլ անել»,- նշեց Լ.Աբրահամյանը։
Ցուցահանդեսի համադրողն է նկարչի դուստրը՝ Արփինե Թոքմաջյանը։ Նա ասաց, որ իր հայրիկի վերջին անհատական ցուցահանդեսը 20 տարի առաջ է եղել։
Panorama.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ հայրիկի կենդանության օրոք միասին երեք անհատական ցուցահանդես են կազմակերպել։ Այս ցուցահանդեսն առանց հայրիկի առաջինն է, թեև մշտապես զգացել է նրա ներկայությունը, ով ասում է՝ «այսպես անել, այնպես անել»։
«Համեստ մարդ էր հայրս, քիչ է լուսաբանվել, ալբոմ չունի։ Եվ իմ պարտքն էի համարում անպայման կազմակերպել նման ցուցահանդես, որն ամբողջական պատկերացում կտա Տիգրան Թոքմաջյան նկարչի մասին, կներկայացնի նրա անցած ստեղծագործական ողջ ուղին։
Նա իր գործը համարել է նկարելը, ծառայելը հայ ժողովրդին, վեր հանել պատմության, մշակույթի լավ էջերը։ Իր թեման Հայաստանն է։
Նա նաև բնանկարներ ունի։ Ի տարբերություն շատերի, որոնք ուղղակի հիանում էին բնությամբ, նրան հետաքրքրում էր նաև այդ տարածքը, որպես մի վայր որտեղ դարեդար ապրել է հայը։ Հենց այդ պատճառով հաճախ ինքը մարդկանց էր ավելացնում»,- ասաց Ա. Թոքմաջյանը։
Ցուցահանդեսի բացմանը ներկա քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը Տիգրան Թոքմաջյանին իր առաջին ուսուցիչն է համարում, նրան բնութագրեց որպես իմաստուն մարդ, իր սերունդի լավագույններից մեկը, կոմպոզիցիայի իսկական վարպետ։
«Ինձ թվում է՝ ներկա սերունդը շատ բան ունի սովորելու։ Մի հատ ճյուղ, ծաղիկ, մի ծխնելույզ նկարելով դեռ նկարչություն չի ստեղծվում, թող գան, տեսնեն՝ ինչ բան է կոմպոզիցիան։ Նա կտավի մեջ ինչպես էր կարողանում տասնյակ ֆիգուրաներ խմբագրել, ի մի բերել, փոխհարաբերություն ստեղծել, սինթեզել, գունային հարաբերություններ ստեղծել։ Դա մեծ փլիսոփայություն է պահանջում։ Հիմա այնքան է զգացվում Տիգրանի պակասը մեր իրականության մեջ։ Ափսոս, որ Տիգրանի տեսակն այլևս չկա։ Այսօրվա նկարչությունը, այսօրվա գիտությունը, ամեն ինչ կործանված է։ Մենք ապագա չունենք, թող ինձ ներեն, բայց իմ կարծիքն է։
Այսօր Տիգրանի նկարները մեր պետության գանձերն են»,- ասաց Լևոն Թոքմաջյանը։
ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Թոքմաջյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես կբացվի նաև Գյումրիում՝ սեպտեմբերի 2-12 «Կումայրի» Արգելոց-Թանգարանի ցուցասրահում։
Տիգրան Թոքմաջյանի ստեղծագործությունները պահվում են ՀՀ Ազգային պատկերասրահում, Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի Վեհարանում, Հայաստանի Նկարիչների Միության պահոցում, Պետական և մասնավոր այլ հավաքածուներում Հայաստանում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Սիրիայում և այլուր: