Թուրքիայում բռնկված խոշոր անտառային հրդեհները դեռևս մարել չի հաջողվում
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն գլխավոր անտառտնտեսության հրշեջ կենտրոնից Չանաքքալեի անտառային հրդեհների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։
Յումաքլըն մասնավորապես նշել է, որ ամբողջ երկրի տարածքում գրանցվել է 29 անտառային հրդեհ, որից 26-ը վերահսկողության տակ է առնվել, իսկ Չանաքքալեի, Բուրսայի Յենիշեհիր և Քարաջաբեյ շրջաններում հրդեհները դեռևս շարունակվում են։ Հրդեհների պատճառով փակվել է Դարդանելի նեղուցը և դադարեցվել նավերի շարժը երկու ուղղություներով, փոխանցում է Էրմենիհաբերը։
Նախարարը հայտնել է, որ այս պահի դրությամբ ամենաուժեղ հրդեհը Չանաքքալեում է, քանի որ հրդեհի արագ տարածմանը նպաստում է ուժեղ քամին 70կմ/ժամ արագությամբ և 19% խոնավությամբ։ Չանաքքալեի անտառային հրդեհը հասել է Չանաքքալեի կենտրոն հատկապես Կեպեզ քաղաք։ Հրշեջները 6 ժամում անցել են 15․1 կմ տարածություն
Նա նաև հավելել է․ «Քանի որ շատ են շահարկումները, նշեմ, որ պետական հիվանդանոցն ու համալսարանը զգոն են, բայց տարհանման մասին խոսք չկա։ 9 գյուղերի համար ձեռնարկվել են միջոցներ։ Գյուղերից տարհանվել են Քայադերեն, Դամյերին, Բելենը, Ուլուփընարը, Յաղջըլարը և Քալաբաքլըն, կան նաև տարհանման պատրաստ գյուղեր։ Բարեբախտաբար, մինչ այժմ զոհեր չկան»։
Յումքալըն հայտնել է, որ այս պահի դրությամբ նյութական վնասի չափի մասին հստակ տեղեկություն չկա։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 8 ինքնաթիռ, 26 ուղղաթիռ, մոտավորապես 180 ջրցան մեքենա, շինարարական տեխնիկա և 1100 հրշեջ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական իշխանություններն ամբողջությամբ փակել են Դարդանելի նեղուցը
- Անտառային հրդեհների պատճառով Թուրքիայի մի շարք գյուղեր տարհանվել են