Սեպտեմբերի 1-ին կերևա՝ ինչ արժեն ԿԳՄՍ նախարարության «հնարավոր բոլոր միջոցները»
Սեպտեմբերից հանրակրթական նոր չափորոշիչը ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ Այդ չափորոշչի պահանջներին համապատասխան ստեղծվել են 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը։ Panorama.am-ը հարցեր էր ուղղել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն նոր դասագրքերի հետ կապված.
Արդյո՞ք սկսվել է նոր դասագրքերի տպագրության գործընթացը:
Ընդհանուր առմամբ, քանի՞ գիրք է տպագրվելու և որքա՞ն գումար է նախատեսված տպագրության համար։
Մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը Հայաստանի բոլոր դպրոցներն արդյո՞ք ապահոված կլինեն այդ դասագրքերով։
Դասագրքերն արդյո՞ք ունեն հարակից մեթոդական ձեռնարկներ ուսուցիչների համար։
Չհասցնելու դեպքում արդյո՞ք կա մշակված տարբերակ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի պատասխանում նշված է. ««Հանրակրթության պետական չափորոշչի» ներդրմամբ պայմանավորված՝ հանրակրթական առարկաների նոր դասագրքերի ստեղծման նպատակով 2022 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել էր դրամաշնորհային մրցույթներ՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների 65 անուն դասագրքերի համար։
Հանրակրթական առարկաների նոր դասագրքերի ստեղծման նպատակով կայացած դրամաշնորհային մրցույթի փորձաքննության արդյունքում 2-րդ դասարանի 14 չափաբաժին դասագրքերից սահմանված շեմը չեն հաղթահարել միայն «Ռուսաց լեզու» և 11-րդ՝ «Ֆիզկուլտուրա» առարկաների դասագրքերը: Մրցույթի արդյունքները հաստատվել են ԿԳՄՍ նախարարի՝ 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1343-Ա/2 հրամանով:
Էլեկտրոնային աճուրդի գնման ձևով անցկացված տպագրության մրցույթում գնման հայտում ներառված չափաբաժիններից տպագրության է ներկայացվել «Մայրենի 2» (մաս 1-ին), «Կերպարվեստ 2» առարկաների դասագրքերը և «Շախմատ 2» վարժությունների տետրը: Մյուս դասագրքերի տպագրության մրցույթը ընթացքում է:
Դասագրքերն ունեն մեթոդական ձեռնարկներ և ուղեցույցներ, որոնց ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ նոր ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատություններին դասագրքերով և ուսումնական նյութերով ապահովելու նպատակով»:
Հարակից հրապարակումներ`
- Նոր դասագրքեր՝ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում
- Ժաննա Անդրեասյան. Դասագիրք գրելը հեշտ բան չի, ու միանգամից մեր ուզած արդյունքը չենք ստանալու
- Ամփոփվել են 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքերի ստեղծման մրցութային հայտերը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում