Կառավարությունը ապագա ուսուցիչ ուսանողներին ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ կտա, գերազանց սովորողներին՝77 հազար
«Պետական բյուջեից միայն բուհերում կրթաթոշակներ տրամադրելու համար տարեկան շուրջ 846 միլիոն դրամ է հատկացվում, սակայն այն որևէ կերպ չի խթանում սովորողների առաջադիմությանն ու կրթական արդյունքի բարելավմանը, որովհետև 1 ուսանողին հասնող տարեկան կրթաթոշակը տատանվում է 4000-5000 դրամի սահմաններում»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա տեղեկացրեց, որ նոր նախագծով որոշվել է կրթաթոշակային քաղաքականությունը վերանայել:
Ըստ նախարարի՝ առաջին փուլում ընտրվել են բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով (ԲՏՃՄ) մասնագիտական մանկավարժության ծրագրերը:
Անդրեասյանը հիմնավորեց, որ վերջին տարիներին առկա է շատ մտահոգիչ ցուցանիշներ, գրեթե ոչ ոք չի դիմում այդ ուղղություններով ուսուցիչ դառնալու համար, իսկ ոլորտի ուսուցիչների միջին տարիքը ցույց է տալիս, որ առաջիկայում մեծ թվով երիտասարդ ուսուցիչների կարիք է զգացվելու:
«Այս նախագծով մենք նախատեսում ենք, որ այս ուղղություններով մանկավարժության ծրագրերի համար կսահմանվի ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ, գերազանց առաջադիմության պարագայում՝ 77 հազար դրամ, որը, կարծում ենք, էական ազդեցություն կունենա այս ուղղությամբ ուսանողների թվի աճի վրա՝ հատկապես հաշվի առնելով, որ նրանց մեծ մասը մարզաբնակ է, և լրացուցիչ սոցիալական խնդիրներ կարգավորելու կարիք է ունենում, ինչպես կեցության, տրանսպորտային ծախսերի և այլ հարցերի»,-ասաց Անդրեասյանը:
Նախարարաը տեղեկացրեց, որ առաջին տարում կրթաթոշակ կստանան այդ ուղղությամբ սովորող բոլոր ուսանողները, երկրորդ տարուց կգործի առաջադիմության շեմ:
Անդրեասյանի խոսքով՝ այս տարի կլինի մոտ 58 շահառու բակալավրական կրթական ծրագրերով, և 169՝ մագիստրոսական:
Հարակից հրապարակումներ`
- Առանց 1-ին և 2-րդը ունենալու հնարավոր չէ ունենալ 3-րդ երեխան, բարեբախտաբար. Նիկոլ Փաշինյան
- Իհարկե, տեխնիկական խնդիրներ առաջացան. Փաշինյանը՝ կառավարության «Իրազեկում» ծրագիրն իր բջջայինում ներբեռնելու մասին
- Ադրբեջանական կողմին է փոխանցվել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությասն պայմանագրի մեր նոր առաջարկները.Փաշինյան
- Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ