Լրացուցիչ 450 մլն դրամ երեխա ունեցող ընտանիքներին՝ բնակարանների ձեռքբերմանն աջակցելու համար
«Ծրագրերի շրջանակում 2023 թվականի համար հաստատված բյուջեն կազմում է 1 մլրդ 291 մլն դրամ, որը համամասնորեն բաշխվել էր ըստ եռամսյակների, սակայն ծրագրով արձանագրվել էր բարձր դիմելիություն և այս տարվա առաջին եռամսյակին հատկացվեց լրացուցիչ 300 մլն դրամ»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ զեկուցելով երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ ծրագրով լրացուցիչ գումար հատկացնելու նախագիծը:
Նրա խոսքով, 2023 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ՝ աջակցություն է ստացել երեխա ունեցող 1685 ընտանիք, որից 236-ը՝ միանվագ դրամական աջակցության ծրագրով (222 մլն դրամի շրջանակում), 494-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով (23 մլն դրամի շրջանակում) և 955 շահառու՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (983 մլն դրամի շրջանակում):
Դավիթ Խաչատրյանը հայտնեց, որ այդ պահի դրությամբ՝ 2023 թվականին վճարվել է 1 մլրդ 228 մլն դրամ, ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել երեխա ունեցող 7137 ընտանիք․ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են 4 մլրդ 928 մլն դրամ։
Նա զեկուցեց, որ նախագծով երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում 2023 թվականի 3-րդ եռամսյակում դիմող շուրջ 600 շահառուի ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացվում 450 մլն դրամ:
Վերոնշյալ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ․ ծրագրերի շրջանակում պետության կողմից աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին։
Առաջին ծրագրով՝ միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։
Երկրորդ ծրագրով՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։ Երրորդ ծրագրով, հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում, ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 8.9 մլրդ հատկացրեց ճանապարհների հիմնանորագման և նախագծման համար
- Կառավարությունը ապագա ուսուցիչ ուսանողներին ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ կտա, գերազանց սովորողներին՝77 հազար
- Առանց 1-ին և 2-րդը ունենալու հնարավոր չէ ունենալ 3-րդ երեխան, բարեբախտաբար. Նիկոլ Փաշինյան
- Իհարկե, տեխնիկական խնդիրներ առաջացան. Փաշինյանը՝ կառավարության «Իրազեկում» ծրագիրն իր բջջայինում ներբեռնելու մասին
- Շարմազանով. Խելոք նստեք ու անկապ քիչ խոսեք, ձախողված կապիտուլյանտներ ու նատօամոլներ