«Ժողովուրդ». Ողջ պետական ապարատը լծված է քարոզարշավին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկվանից մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Քաղաքապետի 14 թեկնածուները 24 օր շարունակ կշրջեն Երևանի վարչական շրջաններով և խոստումներ կտան երևանցիներին։ Քարոզարշավին թերևս ամենամարտականը տրամադրված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որի համար Երևանում իշխանություն պահելը կենաց-մահու հարց է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում այնքան լուրջ են տրամադրված, որ բոլոր պատգամավորներին և ավագանու ցուցակի անդամներին հրահանգվել է ոչ միայն ակտիվորեն մասնակցել քարոզարշավին, ամեն քայլափոխի շրջել Տիգրան Ավինյանի հետ, այլ նաև մարդաքանակ ապահովել նախընտրական քարոզարշավների ժամանակ, որպեսզի համոզեն, որ իրենք Երևանում իսկապես մեծ ընտրազանգված ունեն:
Այլ կերպ ասած, ՔՊ-ականները քարոզարշավ են անում իրենց ծանոթ-բարեկամներով՝ տպավորություն ստեղծելով, թե քարոզարշավը մարդաշատ է: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց՝արդյոք ինքն արդեն նման հրահանգ ստացել է, և ինչ քայլեր է անում քաղաքական իշխանության պահանջները բավարարելու համար:
«Այդպիսի հրահանգ չկա, բայց կա կուսակցության վարչության որոշում՝ քարոզարշավին ակտիվորեն մասնակցելու համար։ Կուսակցական ես, պատգամավոր ես, թե այլ պաշտոնյա, կապ չունի, պետք է մասնակցես քարոզարշավին, բայց հրահանգ չկա մարդիկ բերելու: Արհեստականության էլեմենտը մեզ մոտ հավասար է զրոյի»-ասաց նա:
Այսպիսով, ողջ պետական ապարատը լծված է քարոզարշավին, ինչպես մերժված նախկինում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում