«Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքները»
Հայկական Կարմիր խաչի ընկերության արձագանքել է օգոստոսի 22-ին Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությանը։
Հայկական Կարմիր խաչի ընկերության հայտարարության մեջ ասվում է.
«Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքները, նախ և առաջ չեզոքության սկզբունքը, և ներգրավվում է քաղաքական գործընթացում, բարձրաձայնելով իր կառավարության դիրքորոշումը, այն է՝ փակ պահել Լաչինի միջանցքը (այդ թվում այսպես կոչված այլընտրանքային ուղիներ առաջարկելու միջոցով)։
Ադրբեջանի Կարմիր մահիկին քաղաքական գործընթացներում ներքաշումը հակասում է Կարմիր խաչի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներին՝ վերջինս չունի քաղաքական հայտարարություններ անելու և քաղաքական օրակարգին ծառայելու մանդատ։
Սա կոպիտ խախտում է և համահունչ չէ Շարժման սկզբունքներին և արժեքներին, ինչպես նաև մարդասիրական օրակագին։
Ներկա պահին Ադրբեջանը նաև օգտագործելով Կարմիր մահիկի ընկերությունը՝ փորձում է խոչընդոտել ԿԽՄԿ որպես միակ մարդասիրական միջազգային կազմակերպության գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։ Դրա վառ վկայությունն է Վագիֆ Խաչատրյանի առևանգումը անցակետում ԿԽՄԿ ուղեկցությամբ Հայաստան՝ վիրահատության նպատակով տեղափոխվելու ճանապարհին։ Վերջինս առևանգվեց, երբ գտնվում էր միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո։
2023 թվականի հուլիսի 26-ից Հայաստանից ուղարկված մարդասիրական բեռը կանգնած է Հակարի կամրջի մոտ։ Ադրբեջանի Կարմիր մահիկը կարող էր օգտագործել իր «մարդասիրական ներուժը», համոզելու Լաչինի միջանցքը փակած և մարդասիրական աղետ առաջացրած կողմին բացելու այն՝ հարգելով մարդասիրական սկզբունքները։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր հուլիսի 25-ի հայտարարությամբ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար իրավիճակի վրա, ինչը ներկայացվել է նաև Անվտանգության խորհրդում ՄԱԿ Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ներկայացուցչի կողմից:
Այսպիսով, ավելի քան հրատապ է դառնում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների անհապաղ իրականացումը։
Մենք կոչ ենք անում Կարմիր խաչի միջազգային շարժման բաղկացուցիչներին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիային և Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությանը անշեղորեն հետևել և հավատարիմ մնալ Շարժման սկզբունքներին՝ տանելու իրենց մանդատների շրջանակներում փոխլրացնող դերը՝ ի նպաստ մարդասիրական առաքելության արդյունավետ իրականացման»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը շարունակաբար արգելում է ԿԽՄԿ մեքենաներով դեղորայքի և բժշկական պարագանների մատակարարումը Արցախ
- Խաղաղապահների հրամանատարը Հելեն Դադայանի հարազատներին ասել է՝ «սպասենք. եթե ԿԽՄԿ-ն պատասխան չտա, իրենք կփորձեն աճյունը տեղափոխել»
- Ակցիա՝ ԿԽՄԿ դիմաց. «Ինչո՞ւ Բաքուն թույլ չի տալիս Շիրակի վթարից զոհված արցախցի Հելեն Դադայանի մարմինը տեղափոխել Արցախ»
- ԿԽՄԿ շարունակում է երկխոսությանը Շիրակում վթարից զոհված արցախցի Հելեն Դադայանի մարմնի տեղափոխության շուրջ
- Կոչ ենք անում կողմերին թույլ տալ ԿԽՄԿ-ին բոլոր ճանապարհներով, այդ թվում Լաչինի միջանցքով, մուտք ԼՂ. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան