«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակում ՀՀ-ից հափշտակվել է 83 մլն դրամ
Շիրակի մարզի Ձորակապ համայնքի բնակիչ Ժ.Ա.-ն նույն համայնքի նախկին ղեկավար Զ. Ս.-ին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում էական վնաս է պատճառվել Ձորակապ համայնքի իրավունքներին և օրինական շահերին:
Գլխավոր դատախազույունից հայտնում են, որ բացի այդ, համայնքի բնակիչ Ժ.Ա.-ն օգտագործել է ակնհայտ կեղծ փաստաթուղթ, որի արդյունքում՝ Ձորակապ համայնքի նախկին ղեկավար Զ.Ս.-ի օժանդակությամբ Հայաստանի Հանրապետությունից խարդախությամբ՝ խաբեության եղանակով, կեղծ տվյալներ հաղորդելով՝ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 83 մլն 460 հազար 82 դրամ:
Մասնավորապես՝ Ժ.Ա.-ն, տեղյակ լինելով, որ համայնքապատկան հողամասի վրա 1990-1996 թվականներին իր կողմից ինքնակամ կառուցված երկու շինությունները` ռեստորանը և հյուրանոցը, գտնվում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրով կառուցվելիք ճանապարհի ծրագրի գոտում և պետք է ընդգրկվեն բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված հողամասերի շարքում ու օտարվեն Հայաստանի Հանրապետությանը՝ Շիրակի մարզի Ձորակապ համայնքի նախկին ղեկավար Զ.Ս.-ին համոզելու եղանակով դրդել է պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ:
Արդյունքում՝ Զ.Ս.-ն Շիրակի մարզի Ձորակապի համայնքապետարանի կնիքի դրոշմով և իր ստորագրությամբ հաստատել է իրավանաբանական նշանակություն ունեցող և իրավաբանական փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթեր: Զ.Ս.-ն կեղծ պաշտոնական փաստաթղթերը հանձնել է Ժ.Ա.-ին, ով տեղյակ լինելով դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցված լինելու մասին՝ 2014 թվականին քաղվածքները ներկայացրել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակ: 2015 թվականի հոկտեմբերի 29-ին Ձորակապ համայնքի վարչական տարածքում գտնվող` 0,01789 հա և 0,065457 հա հողատարածքների նկատմամբ գրանցվել է Ժ.Ա.-ի և նրա ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը: Արդյունքում՝ Ձորակապ համայնքը զրկվել է վերոնշյալ հողամասերն օրենքով և իրավական ակտերով սահմանված կարգով տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու հնարավորությունից:
Այնուհետև, Ժ.Ա.-ն, Հայաստանի Հանրապետությունից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով, շարունակել է համոզելու եղանակով դրդել Ձորակապ համայնքի նախկին ղեկավար Զ.Ս.-ին՝ նախաձեռնել հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության ու շինություններն օրինական ճանաչելու գործընթաց:
Արդյունքում՝ Զ.Ս.-ն կատարել է պաշտոնեական կեղծիքներ. 0,065457 հա հողամասի վրա ինքնակամ կառուցված 654,57 քառակուսի մետր մակերեսով ռեստորանի շենքը և 0,01789 հա հողամասի վրա ինքնակամ կառուցված 359,35 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով երկհարկանի հյուրանոցի շենքը ճանաչել է օրինական, փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է ներառել առ այն, որ վերոնշյալ հողամասերը չեն գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում:
Զ.Ս.-ի վերոնշյալ գործողությունների հիման վրա՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱ կազմակերպության և Ժ.Ա.-ի ու վերջինիս ընտանիքի անդամների միջև 2015 թվականի նոյեմբերի 13-ին կնքվել են հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին պայմանագրեր: Դրանց հիման վրա` Ձորակապ համայնքի 0,065457 հա հողամասի ձեռքբերման համար վճարվել է 980 հազար 840 դրամ, հողամասում գտնվող շինության համար վճարվել է 50 մլն 268 հազար 966 դրամ, 0,01789 հա հողամասի ձեռքբերման համար վճարվել է 261 հազար 405 դրամ, հողամասում գտնվող շինության համար վճարվել է 33 մլն 191 հազար 116 դրամ:
Հսկող դատախազի 2023 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ՝ Զ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) և 38-178-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությանն օժանդակելը): Ժ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը), 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 178-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):
Դատախազը 2023 թվականի օգոստոսի 21-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան