Ավելի քան 5000 հայ ուսանող է սովորում Ռուսաստանի համալսարաններում․ Միշուստին
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Ծաղկաձորում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը:
Հնդիպման ընթացքում Միխայիլ Միշուստինը, մասնավորապես նշել է. «Հարգելի գործընկերներ, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել։ Շնորհակալություն Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին հրավերի համար: Մենք պայմանավորվեցինք անցկացնել այն այստեղ՝ Հայաստանում, և քննարկել ԵԱՏՄ-ի առաջիկա տասնամյակների զարգացման ռազմավարության հետ կապված ամենահրատապ խնդիրները։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ Ձեզ փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի լավագույն մաղթանքները։ Եվ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ, Նիկոլ Վովայի, և հայ գործընկերներին բոլոր միջոցառումների ավանդական գերազանց կազմակերպման և մեր ռուսական պատվիրակության հյուրընկալ ընդունելության համար։
Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը, գործընկերությունը, դաշնակցային հարաբերությունները, չնայած արտաքին տնտեսական ծանր իրավիճակին, Դուք այս մասին ասացիք, Ռուսաստանի առևտրատնտեսական կապերը Հայաստանի հետ ամրապնդվում են, առևտուրն աճում է, և դա մեզ ուրախացնում է, այդ թվում` կա ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը։ Մենք այստեղ արձանագրում ենք բոլոր մասնակից երկրների հետ փոխգործակցության արդյունավետության աճ։
Միջկառավարական հանձնաժողովի մասով, որը մեր կողմից ղեկավարում է Ալեքսեյ Օվերչուկը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններ են մշակվում։ Մենք մշտական ռեժիմի մեջ ենք, մշտական շփման մեջ։ Շնորհակալ եմ Ձեր բարի խոսքերի համար։
Այո, մենք խոստացել ենք, Տրանսպորտի նախարարը, մաքսային ծառայության պետը, Ալեքսեյ Օվերչուկը, գործընկերները, նրանք բոլորը շատ լուրջ էին վերաբերվում դրան, և մենք, ընդհանուր առմամբ, լրջորեն ենք վերաբերվում մեր բոլոր խոստումներին և կատարում դրանք: Ինչ վերաբերում է այլ նախաձեռնություններին, մենք շարունակական համագործակցում ենք էներգետիկ ոլորտում, խաղաղ միջուկային արդյունաբերության, հանքարդյունաբերության և տրանսպորտային լոգիստիկայի ոլորտներում: Կան մի շարք բարձր տեխնոլոգիական նախագծեր։ Կարծում եմ՝ մեր բիզնես առաքելությունները, որոնք պարբերաբար ժամանում են, այդ թվում Հայաստան, շատ լավ ազդեցություն ունեն ընդհանուր տնտեսական զարգացման վրա։ Մենք առաջարկում ենք արագացնել աշխատանքը մեր բոլոր համատեղ ուղղություններով՝ ինովացիոն նախագծերի և տնտեսական զարգացման ոլորտում։
Չափազանց կարևոր է նաև շարունակել ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը մեր ընդհանուր նախագծերում, փոխադարձ առևտրում։ Վստահ եմ, որ դա կնպաստի առևտրի աճին և կառուցվածքի դիվերսիֆիկացմանը։ Հումանիտար ոլորտում նույնպես ակտիվ աշխատում ենք, և Հայաստանում, ի դեպ, ավանդական մեծ հետաքրքրություն կա ռուսական բարձրագույն կրթություն ստանալու հարցում։ Ավելի քան 5000 հայ ուսանող է սովորում Ռուսաստանի համալսարաններում։ Այստեղ մենք կշարունակենք աջակցել Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցման որակի բարձրացմանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի։ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկվել են այն տարրերը, որոնք կապված են դասավանդման որակի բարձրացման, նոր դպրոցների կառուցման հնարավորության հետ։ Եվ այստեղ մենք նույնպես ուրախ ենք, որ Հայաստանի Հանրապետության ռուսաց լեզվի ուսուցիչները պարբերաբար վերապատրաստվում են Ռուսաստանում։ Մինչև տարեվերջ հանրապետության բոլոր դպրոցների համար կմատակարարենք նաև մոտ 50 հազար դասագիրք։ Մենք հենց այս մասին էինք խոսում Ձեզ հետ, Դուք այդ մասին խոսել եք նաև նախագահի հետ։
Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման օգտին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների համաձայն։ Համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը և կամրապնդի շփումները այստեղ ապրող մարդկանց միջև»։
Հարակից հրապարակումներ`
- Տարածաշրջանում խնդրահարույց հարցեր ունենք, որոնք միշտ քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ․ Փաշինյան
- Միշուստին. ՌԴ-ն կողմ է Հարավային Կովկասում տրանսպորտային և հաղորդակցական կապերի ապաշրջափակմանը
- Միշուստինը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդին