Սրբալույս Մյուռոնի օրհնությանն ընդառաջ կատարվել է Ձիթայուղի օրհնության կարգ
Օգոստոսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Ձիթայուղի օրհնության կարգ։ Երեկոյան ժամերգությունից հետո ձիթայուղով լի արծաթե կաթսան դրվել է մատուռ-մկրտարանի խորանին` փակվելով շղարշե ծածկոցով: Այսուհետ ամեն օր` մինչև Մյուռոնօրհնեքը, Երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի հոգևոր պաշտոն՝ շարականներով, աղոթքներով և սուրբգրային ընթերցվածքներով:
Անհրաժեշտ նյութերը ձեռք բերելուց հետո, Մյուռոնօրհնությունից քառասուն օր առաջ, սկսվում է պատրաստության շրջանը՝ Ձիթայուղի օրհնության արարողությամբ։
Սրբալույս Մյուռոնի օրհնությունն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որի ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու նվիրական սրբություններով կօրհնի սուրբ Մյուռոնը, որն այնուհետև կբաշխվի Հայ Եկեղեցու բոլոր թեմերին:
Հոկտեմբերի 1-ին Ս. Էջմիածնում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողությունը։ Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան գրառումներով ծանոթացնում է Ս․ Մյուռոնի խորհրդին, բաղադրությանը, նշանակությանը, ավանդություններին.
«ՄԵՌՈՆՕՐՀՆԵՔ-3
«Մյուռոնը Հայոց Եկեղեցում գործածվում է հետևյալ դեպքերում`
Ս. Դրոշմի խորհրդի ժամանակ, երբ քահանայական աստիճան ունեցող հոգևորականը Մյուռոնով օծում է մկրտվածի մարմնի ինը մասերը` նրան փոխանցելով Ս. Հոգու շնորհները:
Մյուռոնով են կատարվում քահանայական, եպիսկոպոսական և կաթողիկոսական օծումները: Քահանայական օծման ժամանակ ձեռնադրող եպիսկոպոսն օծում է ընծայացուի ճակատը և երկու ձեռքերը, եպիսկոպոս ձեռնադրելիս Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծում է ապագա եպիսկոպոսի ճակատը և աջ բթամատը` իշխանություն տալով նրան ձեռնադրություններ կատարելու, եկեղեցիներ օծելու և այլն: Մեր Եկեղեցում օծվում են նաև Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսները: Մյուռոնը հեղվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխին` որպես Հայոց Եկեղեցու ընդհանրական Հայրապետի և Լուսավորչի հոտի միությունը պահպանողի: Մյուռոնով օծվելն է պատճառը, որ հայ հավատացյալը համբուրում է օծված հոգևորականի աջը, իսկ ձեռնադրությունից հետո` մյուռոնված ճակատը: Հնում Մյուռոնով են օծվել նաև հայ թագավորները:
Մյուռոնով են օծվում նորակառույց եկեղեցու հիմքի խաչապատկեր քարե սալիկները, դուռը, զանգը, գմբեթի խաչը, եկեղեցու նավակատիքին` Ս. Խորանը, Մկրտության Ս. Ավազանը, Հիսուս մանկան հետ Տիրամոր նկարը և եկեղեցու սյուները: Եվ միայն օծվելուց հետո է եկեղեցում մատուցվում Ս. Պատարագ, քանզի այն արդեն սրբագործված է և մաքուր:
Ամեն տարի հունվարի 6-ին` Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Ս. Պատարագից հետո կատարվող ջրօրհնեքի ժամանակ Մյուռոնը հեղվում է Հորդանան գետը խորհրդանշող ավազանի մեջ` ի հիշատակ մկրտության ժամանակ Հորդանանում Հիսուսի վրա Ս. Հոգու էջքի»:
Հարակից հրապարակումներ`
- Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Հայոց աշխարհի առաջին լուսավորիչ Ս. Թադեոս առաքյալը
- Սրբալույս Մյուռոնը մշտապես հիշեցնում է ամենքիս, որ մենք` իբրև քրիստոնյաներ, մկրտվել և ծնվել ենք Հայոց Եկեղեցու Ս. Ավազանից
- Ինքնատիպ վիրտուալ հոգևոր ճամփորդություն՝ մինչև Մյուռոնօրհնությունը