Տարածաշրջանում խնդրահարույց հարցեր ունենք, որոնք միշտ քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ․ Փաշինյան
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Ծաղկաձորում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարությունից։
Ողջունելով Միխայիլ Միշուստինին Հայաստանի Հանրապետությունում` Փաշինյանը նշել է. «Շատ ուրախ եմ այս հանդիպման առիթով և հուսով եմ, որ այսօր կառուցողական քննարկում կունենանք մեր երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։ Իհարկե, նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսվում է շատ կարևոր իրադարձություն։
Նախ ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Ձեզ, Միխայիլ Վլադիմիրի, այն բանի համար, որ Սոչիում մեր վերջին հանդիպման ժամանակ Դուք խոստացաք, որ շուտով կբացվեն Վերին Լարսի անցակետի նոր ուղիները։ Եվ դա տեղի ունեցավ, սա շատ կարևոր և նշանակալից իրադարձություն է մեր հարաբերություններում, քանի որ գիտեք` սովորաբար այնտեղ բազմակիլոմետրանոց հերթեր էին գոյանում։ Իհարկե, մենք շնորհակալ ենք ձեզ և մեր վրացի գործընկերներին։ Մենք շատ ուրախ ենք ձեր համագործակցության կապակցությամբ։
Պետք է ասել, որ 2022 թվականի արդյունքներով մեր ապրանքաշրջանառությունը կազմել է 5 մլրդ դոլար, և այդ աճը շարունակվում է։ Այս տարի այն արդեն գերազանցել է 3 մլրդ դոլարը։ Հուսով եմ, որ մինչև այս տարվա վերջ կգերազանցենք նախորդ տարվա ցուցանիշը։ Մենք նաև շատ ամուր և ուժեղ հարաբերություններ ունենք։ Եվ ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը կշարունակի մնալ արդյունավետ։
Իհարկե, մենք տարածաշրջանային առումով շատ խնդրահարույց հարցեր ունենք, և այդ հարցերը միշտ քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ։ Համոզված եմ, որ այսօր կանդրադառնանք նաև այս հարցերին։ Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ, բարի գալուստ»:
Հարակից հրապարակումներ`
- Միշուստին. ՌԴ-ն կողմ է Հարավային Կովկասում տրանսպորտային և հաղորդակցական կապերի ապաշրջափակմանը
- Միշուստինը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդին