ՊՆ պաշտոնատար անձի ապօրինի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 2 մլն դրամի վնաս
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կատարել է խոշոր չափերով խարդախություն՝ խաբեության եղանակով ՀՀ պետական բյուջեի միջոցներից հափշտակել է շուրջ 2 մլն ՀՀ դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Տ. Գ.-ն 2021 թվականի նոյեմբերին իր մտերիմներից մեկին հայտնել է, որ զորամասի կաթսայատանն առկա է երկու սեզոնային աշխատակցի թափուր հաստիք, և եթե վերջինս ունի վստահելի մարդիկ, պատրաստ է նրանց աշխատանքի ընդունել: Տ. Գ.-ն տեղեկացրել է նաև, որ այդ անձինք փաստացի աշխատանքի չեն հաճախելու և յուրաքանչուր տարվա 4 ամսվա աշխատավարձը պահելու են իրենց, իսկ մյուս 8 ամսվանը՝ փոխանցելու են իրեն: Տ. Գ.-ի մտերիմը վերը նշված պայմաններով աշխատանքի ընդունվելու առաջարկը ներկայացրել է իր ծանոթներին, ովքեր համաձայնվել են՝ հետագայում աշխատավարձի գումարները փոխանցելով Տ. Գ.-ին, ով խաբեությամբ հափշտակել է դրանք՝ այդ կերպ պետությանը պատճառելով ավելի քան 1.951.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
ՊՆ պաշտոնատար անձին՝ Տ. Գ.-ին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Տ. Գ.-ն լիովին ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքն ու տվել խոստովանական ցուցմունքներ: Պետությանը պատաճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին