Ազգային փոքրամասնություններով բնակեցված երկու համայնքում աշնանը գյուղապետ կընտրեն
Հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:
Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ու հիշեցնում, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 15-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն:
Թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև սեպտեմբերի 29-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 4-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Մեծամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների 2023 թվականի հոկտեմբերի 29-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:
Հիշեցնենք, որ համայնքների խոշորացումից հետո ՏԻՄ ընտրություններն անցկացվում են համամասնական կարգով։
Ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները խոշորացման ծրագրում ընդգրկված չեն, հետևաբար այստեղ ընտրությունները կանցկացվեն մեծամասնական կարգով։
Հայաստանում ազգային փոքրամասնություններով բնակեցված ութ համայնք կա։
Վերին Դվինի ու Արզնիի բնակչության մեծ մասը ասորիներ են։