«Ժողովուրդ». Ինչով է աչքի ընկնում ՔՊ-ի ավագանու ցուցակը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակն աչքի է ընկնում իր բազմազանությամբ և խայտաբղետությամբ. ցուցակում ընդգրկված են ոչ միայն պաշտոնյաներ, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, այլև ՔՊ-ական պատգամավորների ազգականներ:
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով կուսակցության ընտրական ցուցակը, նկատեց, որ ցուցակում տեղ է գտել ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, որը նախկինում Աջափնյակի փոխթաղապետի պաշտոնն էր զբաղեցնում, սակայն Հրաչյա Սարգսյանի պաշտոնավարման օրոք նրան ազատեցին աշխատանքից:
Հովսեփ Աղազարյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել այս ընթացքում՝ օգտվելով իշխանության հովանավորությունից: Նա հեղափոխությունից հետո աշխատանքի էր անցել Աջափնյակ համայնքի իրավաբանական վարչությունում, իսկ 2020թ.-ին 37 դիմողից ընտրվել էր մաքսային տեսուչ՝ «Զվարթնոց» օդանավակայանում, արդեն 2021թ.-ին նշանակվել էր Աջափնյակի փոխթաղապետ: Պատգամավորի որդին ՔՊ-ի անբաժանելի մասն է դարձել, ամենուր շրջում է նրանց հետ, աջակցում ու պաշտոն ստանում:
ՔՊ-ի ավագանու ցուցակում է նաև կուսակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականը՝ Նատալի Սինորյանը, որն ԱԺ-ում մշտապես աչքի է ընկել լրագրողների նկատմամբ ամբարտավան վերաբերմունքով: Վերջինս նաև հայտնի է նրանով, որ լինելով պատգամավորի օգնական՝ Հայկ Կոնջորյանի փոխարեն ղեկավարում է ողջ ՔՊ-ն, պատգամավորներն ավելի շատ իրեն են «հաշիվ տալիս», քան Կոնջորյանին:
ՔՊ ցուցակի 34-րդ համարը Երևանի ամենասկանդալային թաղապետն է՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը։ Նա թերևս հանրությանը հայտնի է ոչ թե իր աշխատանքով, գործունեությամբ, այլ սկանդալային վարքագծով և անգործությամբ: Սամվել Ղուկասյանն իր պաշտոնավարման օրոք հասցրել է արդեն համացանցում տարածված մի շարք աղմկահարույց տեսանյութերի հերոս դառնալ. այս հարցում թերևս գերազանցել է շոու բիզնեսի հայտնի աստղերին:
ՔՊ ցուցակում ընդգրկված է նաև մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը. նա ցուցակում 136-րդ համարն է: Հիշեցնենք, որ Գոռ Քլոյանի քույրը՝ Անուշ Քլոյանն էլ էր նախորդ ավագանիում ընդգրկված, բայց վերջերս ԱԺ պատգամավորի մանդատը վերցրեց:
Ցուցակի 155-րդ համարը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանն է, ցուցակում է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արշակ Օրդուխանյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում