Սյունիքի մարզի դիմորդների 80,9 %-ն ընդունվել են բուհեր
Սյունիքի մարզի դիմորդների 80,9 տոկոսն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատությունները, որը մինչև այժմ այցելած մարզերի շրջանում ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Կապանում և Գորիսում մարզի դպրոցների և նախադպրոցական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ խորհրդակցությունների ժամանակ։
2023-2024 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունների շարքը մեկնարկել է օգոստոսի 21-ին Արագածոտնի մարզից և կավարտվի օգոստոսի 29-ին` Երևանում: Նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում` տնօրենների և հանրակրթության մարզային պատասխանատուների հետ:
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ուսումնական տարում կրթական համակարգում իրականացվելիք նոր ծրագրերը։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրմանը, որն այս տարի կգործի 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում, նոր դասագրքերին, դպրոցների կառավարման, ֆինանսավորման նոր մոդելներին, կամավոր ատեստավորմանն ու մանկավարժների մասնագիտական զարգացման հնարավորություններին, բնագիտական առարկաներ դասավանդողների լրավճարներին, նախակրթարաններին: Քննարկվել է Սյունիքում նոր կառուցվելիք դպրոցների շինարարության ընթացքում դասերը կկազմակերպման հարցը, անդրադարձ է եղել դպրոցներում պարտադիր դարձող հոգեբանի գործունեության անհրաժեշտությանը:
Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ ներկայացուցիչները հանդիպել են նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ՝ նախադպրոցական կրթությանն առնչվող նորամուծությունները ներկայացնելու նպատակով:
Անդրադառնալով ոլորտի բարեփոխումներին` նախարարի տեղակալը պարզաբանումներ է ներկայացրել տնօրենների հավաստագրման գործընթացի, նախադպրոցական համակարգում որակավորման տարակարգի ներդրման, նախադպրոցական կրթության նոր չափորոշչի ներդրման մասին: Նշվել է, որ անցած տարվանից փորձարկվում է նախադպրոցական կրթության չափորոշիչը․ այն փորձարկվել էր 60 հաստատությունում. այս տարի կներդրվի ևս 130 հաստատություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան