50 հազար դրամ կրթաթոշակ՝ ուսումնարաններում և քոլեջներում գերակա մասնագիտություններով սովորողների համար
Կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել նախնական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում սովորողներին նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու կարգում:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից տարվող քաղաքականությամբ, մասնավորապես՝ կրթաթոշակի տրամադրման նոր մոտեցումների ներդրմամբ: Ներկայում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողներին տրամադրվում է կրթաթոշակ` 4750 դրամ, նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների սովորողներին` 4650 դրամ:
Ուսանողների կրթաթոշակը էական ազդեցություն չի ունենում ո՛չ առաջադիմության խթանման, ո՛չ մատչելիության և ո՛չ էլ կյանքի որակի վրա, մինչդեռ էապես ավելացնում է ծախսերը` ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու առումով։
Որոշմամբ սահմանվել է կրթաթոշակի տրամադրման նոր մոտեցում: Մասնավորապես՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության գրավչության բարձրացման և առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով յուրաքանչյուր ուսումնական տարի նախատեսվում է հաստատել գերակա մասնագիտությունների ցանկ և այդ մասնագիտություններով ընդունվածներին տրամադրել բարձր կրթաթոշակ:
Կրթաթոշակը տրամադրվում է հետևյալ չափով՝
. ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին առաջին կուրսում տրամադրվում է 50000 դրամի չափով կրթաթոշակ, իսկ հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքներով. միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 50000 դրամի չափով, իսկ 75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 40000 դրամի չափով:
. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» կամ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքներով սահմանված սոցիալական խմբի, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատության ուսանողներին՝ գերազանց առաջադիմության դեպքում՝ 25000 դրամի չափով կրթաթոշակ:
Գերակա ոլորտ հանդիսացող մասնագիտությամբ հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողին, որն ունի գերազանց առաջադիմություն, տրամադրվում է լրացուցիչ 5000 դրամ կրթաթոշակ:
Այս տարի ավելի վաղ հաստատվել է այն մասնագիտությունների ցանկը, որում ընդգրկվել են Կառավարության կողմից գերակա հռչակված, պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտները՝ գյուղատնտեսությունը, շինարարությունը, արդյունաբերությունը։ Տվյալ ոլորտների շրջանակում ընտրվել են այն մասնագիտությունները, որոնց պարագայում չեն համալրվում ամեն տարի տրամադրվող պետության կողմից ֆինանսավորվող կամ անվճար տեղերը։ Ուստի, կարիք կա ներդնելու խրախուսման նոր մեխանիզմներ՝ այս ուղղություններով դիմորդների հոսքը մեծացնելու և մասնագիտական կադրեր պատրաստելու համար։
Նախարարությունից նշում են՝ որոշման արդյունքում ակնկալվում է ապահովել կրթաթոշակի տրամադրման նոր պայմաններ ու չափեր, որոնք կնպաստեն ՀՀ տնտեսությունը և աշխատաշուկան նոր և որակյալ կադրերով ապահովելուն, ինչպես ՄԿՈՒ հաստատություններում պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության տեղերի մրցակցության բարձրացմանը:
Ընդունված կարգավորումները տարածվում են 2023-2024 ուստարվանից սկսած ուսումնական հաստատություն ընդունված ուսանողների վրա, իսկ նախորդ տարիների ընդունված ուսանողների համար գործում են նրանց ընդունելության ժամանակ սահմանված պայմանները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին