«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են, որ Նիկոլ Փաշինյանի ակտիվ մասնակցությունը քարոզարշավին ոչ մի օգուտ չի տալու իրենց
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մինչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը գրեթե ամենօրյա ռեժմով հանդիպումներ ու քննարկումներ է անցկացրել:
ՔՊ-ականները ոչ միայն ներկուսակցական հանդիպումներ են ունեցել, այլ նաև քաղաքական տեխնոլոգիաների և PR տարբեր մասնագետների հետ են հանդիպել, որպեսզի ամենայն մանրամասնությամբ գծագրեն իրենց քարոզարշավը:
ՔՊ-ականները որոշել են քարոզարշավին հիմնականում մասնակից դարձնել հանրության համար ավելի ընկալելի դեմքերի, որոնք ոչ միայն կշրջեն իրենց թեկնածու Տիգրան Ավինյանի հետ, այլ նաև առանձին վարչական շրջաններում տեղեկատվական թռուցիկներ կբաժանեն, կզրուցեն երևանցիների հետ:
ՔՊ-ում կարծում են, որ հանրության համար քիչ թե շատ ընկալելի դեմքերից են, օրինակ, պատգամավորներ Գևորգ Պապոյանը, Հրաչ Հակոբյանը, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը և էլի մի քանիսը, դրա համար էլ հիմնականում հենց նրանք են ավելի հաճախ երևում հանրության շրջանում ու ավելի ակտիվ մասնակցում քարոզարշավին:
Ավելին՝ մեր տեղեկություններով՝ հենց այս քննարկումների արդյունքում էլ ՔՊ-ականները որոշել են, որ Նիկոլ Փաշինյանի ակտիվ մասնակցությունը քարոզարշավին ոչ մի օգուտ չի տալու իրենց, հակառակը՝ վնասելու է, ու Փաշինյանին հասկացրել են, որ չխառնվի քարոզարշավին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում