«Ձեր խիղճը հանգի՞ստ է»: Դավութօղլուն Էրդողանին մեղադրել է երկրի տնտեսության վատթարացման մեջ
Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության (Gelecek Parti) հիմնադիր-առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն Twitter-ում տարածած հայտարարության մեջ քննադատել է երկրի իշխանություններին:
«Հարգարժան Էրդողա՛ն, 2 տարի առաջ «Nas» (Ազգային հաշիվների համակարգ) և «Չինական մոդել» ասելով հայտարարում էիք, որ նոր տնտեսական համակարգի ենք անցել: 4 ամսում փլուզված ձեր մոդելի կյանքը երկարացնելու նպատակով դուք KKM-ից (Արժութային պաշտպանության ավանդ) փոխանցեցիք ավելի քան 700 միլիարդ լիրա (թուրք. դրամ. արժույթ) արժողությամբ հանրային ռեսուրսը հասարակության ամենահարուստ ներկայացուցիչներին:
Այդ օրվանից ի վեր դոլարը թանկացավ 4, իսկ բնակարանների և վարձակալումների գները 6 անգամ»,- էրմենիհաբերի փոխանցմամբ, այս մասին ասել է նա։
Դավութօղլուն նաև նշել է, որ Էրդողանի իշխանության օրոք թուրքական լիրան աշխարհում վերածվել է ամենից շատ արժեզրկված գումարի, իսկ Թուրքիան այն երկրի, որտեղ տներն ամենից շատ են թանկացել:
«Բնակելիության ճգնաժամ սկսվեց: Մեր հայրենքիը դատապարտեցիք աշխարհում ամենաբարձր 5-րդ ինֆլացիային»:
Իսկ անդրադառնալով օգոստոսի 24-ին Թուրքիայի կենտրոնական բանկի որոշմանը՝ գրել է հետևյալը. «Այսօրվա որոշմամբ Թուրքիայի կենտրոնական բանկի տոկոսադրույքը 2 տարի առաջ եղածի համեմատ բարձրացավ 6 տոկոսով, իսկ վարկային տոկոսադրույքը նույն ժամանակահատվածի համեմատ՝ 15 տոսով»:
Ապա նշել նաև, որ Թուրքիայի ներկայիս կառավարության վարած քաղաքականության շնորհիվ եկամուտների բաշխման գործընթացն էլ ավելի վատ վիճակի է հասել:
Հրապարակման վերջում Դավութօղլուն հռետորական հարց է ուղղել իշանության ներկայացուցիչներին. «Հայրենիքի նկատմամբ նման բաներ անելուց հետո ձեր խիղճը հանգի՞ստ է»: