Դպրոցական հագուստ՝ պաշարված Արցախում գործող «Սթար սթայլ»-արտադրամասում
Պաշարված Արցախում «Սթար սթայլ» (Star Style) կարի արտադրամասը շարունակում է իր գործունեությունը: Այն հիմնադրվել է 2022 թվականին՝ ոչ ասելու թուրքական արտադրանքին և ուշադրությունը սևեռելու տեղականի վրա: Չնայած հումքի սակավությանը` արտադրամասի հիմնադիր Աստղիկ Պետրոսյանն այս օրերին օգնում է համաքաղաքացիներին ձեռք բերել դպրոցական հագուստ:
«Սկզբնական շրջանում նախատեսում էինք կարել կանացի հագուստ: Հումքը ներկրում էինք միայն Հայաստանից: Վերջին շրջանում դպրոցական հագուստի պահանջարկը մեծացավ, որոշեցինք մեր ունեցած և Ստեփանակերտի կտորեղենի խանութներում եղած հումքով կարել մանկական հագուստ՝ ինչ-որ տեղ փարատելով մարդկանց մտահոգությունները»,- Artsakhtert-ի հետ զրույցում ասաց «Սթար սթայլ» կարի արտադրամասի հիմնադիրը: Աստղիկ Պետրոսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց միշտ սիրել է կար ու ձևը: Ուսումն ավարտելուց հետո մի որոշ ժամանակ աշխատել է որպես հաշվապահ, և հենց այդ ժամանակ էլ հասկացել է, որ հասունանում է կարի արտադրամաս ունենալու գաղափարը. «Տնտեսագետի մասնագիտությունը շատ է օգնում այս գործին՝ հատկապես բիզնես պլան կազմելու ժամանակ: Պատերազմից հետո արդեն հստակ որոշել էի: Տնային պայմանաներում սկսեցի մանր-մունր գործեր և վաստակեցի 25 հազար դրամ: Ձեռք բերեցի կտորեղեն ու կարեցի 5 շրջազգեստ: Արտադրամաս բացելու հարցում ինձ օգնեց «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը»:
Մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը «Սթար սթայլ»-ն իր արտադրանքն արտահանում էր նաև ՀՀ շուկա: Վաղուց պահեստավորված փաթեթներն սպասում են Հայաստան ճանապարհվելուն: Արտադրամասն այս օրերին ընդունում է հիմնականում անհատական պատվերներ, ունի քիչ քանակությամբ մեծածախ ապրանք: Կրճատվել է նաև աշխատողների թիվը. 5 աշխատողի փոխարեն այսօր աշխատում է ընդամենը 2-ը:
«Քանի որ կա տրանսպորտի բացակայություն, խանութներում՝ հագուստի սղություն, իսկ մարդիկ փորձում են գնումներ կատարել աշխատանքային ժամերից հետո, մենք միշտ բաց ենք լինում առավոտյան ժամը 08:00-ից մինչև երեկոյան ՝ 19:00-ը: Հիմա ամենապահանջված մոդելները դպրոցական սև կիսաշրջազգեստներն ու սպիտակ վերնաշապիկներն են: Մեծ պահանջարկ ունեն նաև պայուսակները. արտադրանքը որակյալ է, գինը՝ մատչելի: Հաճախորդները գոհ են մեզնից, ինչը ամենակարևորն է մեր գործում»,-նշեց Աստղիկ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ ծանրաբեռնվածությունը մեծ է, աշխատում են գերլարված, քանի որ սեպտեմբերմեկյան հագուստի պատվերները շատ են, իսկ գործը պետք է հարմարեցնել էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ժամանակացույցի հետ: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Աստղիկը նշեց. «Հույս ունենք, որ առաջիկայում կբացվեն ճանապարհները: Մենք կկարողանանք հումք ներմուծել ՀՀ-ից, կընդլայնենք մեր գործունեությունը և մեր արտադրանքը հասանելի կլինի նաև երկրից դուրս»:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան պատրաստվում է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ին բանաձև ներկայացնել. Le Figaro
- Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե Լաչինի միջանցքը փակելու, արցախահայությանն ընկճելու ծրագրի մեջ է. Դավիթ Գալստյան
- Արթուր Օսիպյան. Կասկած կա, որ ռուս խաղաղապահներն ադրբեջանցիների հետ մեզ բլոկադայի են ենթարկել
- Այս բլոկադան միայն հումանիտար չէ, այն զուտ ուտելիքի մասին չէ, այն քաղաքական ու պատմական հիմքեր ունի. Վարդանյան
- Մի միրգ եմ ուտում, թոռներս այնտեղ առանց միրգ.Բլոկադայի պատճառով Գորիսում մնանցած տատիկը՝ Արցախում թոռների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները