Շնորհավոր երկնային ծնունդդ, իմ կարոտ․ սիրո երգիչ Հայկոն կդառնար 50 տարեկան
Այսօր սիրված երգիչ Հայկոյի՝ Հայկ Հակոբյանի ծննդյան օրն է։ Հարազատները, ընկերները երգչի ծնունդը երկրորդ տարին կնշեն առանց Հայկոյի, բայց ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս բեմում։ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ տեղի կունենա «Սիմֆոնիկ Հայկո» խորագրով համերգը՝ նվիրված կոմպոզիտորի 50-րդ հոբելյանին:
Կոմպոզիտորի ընկերներն ասում են, որ Հայկոյի երազանքն էր սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգ ունենալ, ինչն այսօր իրականություն է դառնում, բայց, ցավոք, առանց երաժիշտի։
«Հայկոյի ամենամեծ երազանքներից մեկն էր նման համերգ ունենալը, որը փորձում ենք ընկերներով իրականացնել», - հարցազրույցներից մեկում ասել է նրա մտերիմ ընկեր, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը։ Ընկերները կարծում են, որ այս համերգը դուր կգարՀայկոյին։
Նրա ստեղծագործական ժառանգությունը պահպանելու և հանրայնացնելու նպատակով ստեղծված «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը», որը համախմբել է Հայկոյի մտերիմներին, ընկերներին, փորձում է կյանքի կոչել մշակութային և կրթական ծրագրեր, «Սիմֆոնիկ Հայկո» համերգի նախաձեռնողը ևս հիմնադրամն է։
Այսօր վաղ առավոտից համացանցը ողողված է Հայկոյին ուղղած շնորհավորանքներով։ Ընկերները ջերմությամբ են հիշում սիրո երգչին ու ասում, որ նա իսկապես անփոխարինելի է և ապրեց այնպես, որ իրեն միշտ հիշեն։
Իսկ ամենահուզիչը Հայկոյի մոր՝ Սուսաննա Նիկողոսյանի գրառումն է։ Նա հրապարակել է իրենց համատեղ լուսանկարն ու կից գրել․ «Շնորհավոր երկնային ծնունդդ, իմ կարոտ»։
Հայկոյի կորուստը ծանր են տանում նրա մտերիմ ընկերներ Գագա և Նաիրա Ամատունիները, որոնք իրենց սոցիալական էջերում պարբերաբար արխիվային տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակում Հայկոյի մասնակցությամբ:
«Իմ Հայկո, շնորհավոր ծնունդդ, ես ամենաերջանիկն եմ, որ եղել ես իմ կյանքում ու ունեցել եմ մեծ պատիվ քեզ այդքան մոտ լինելու ու ճանաչելու, քո անհավանական մեծ տեսակը ու հոգին: Մարդ, ով իր տեսակով անկրկնելի է ու անփոխարինելի, այո տենց մարդիկ կան! Ու դու անփոխարինելի ես! Ես չգիտեմ ուրիշ մեկին էդքան մեծ հոգով ու սրտով, անհավանական բարի ու կամեցող: Շնորհակալ եմ քեզ ամեն օրվա համար, որ միասին անցել ենք: Շնորհակալ եմ, որ հիմա էլ մեր կյանքը անցնում է քո շուրջ ու քո երաժշտության ներքո: Շնորհակալ ենք, որ թողել ես մի մեծ երաժշտական ժառանգություն, որի միջոցով մարդիկ մի,քիչ ավելի բարի կդառնան, կսիրեն ու կսիրահարվեն և միքիչ կմոտենան քո մեծ տեսակին:
Շնորհավորում եմ ու անվերջ շնորհակալ եմ քեզ։ Այսօր էլ` ինչպես միշտ կհավաքվենք ու կնշենք քո ծննդյանդ օրը, անվերջ սիրով ու անսահման կարոտով»,- գրել է Նաիրա Ամատունին։
Երգչուհի Շուշան Պետրոսյանը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ սարսափելի ծանր է տանում Հայկոյի կորուստը: «Հայկոյին կարոտում եմ, երաժշտական ճաշակն եմ կարոտում, հումորը, անսահման բարությունն եմ կարոտում, որն ինձ մեկ-մեկ անգամ բարկացնում էր, վիճում էի հետը, բայց դե, դա ինքն է, ես իրեն այդպես եմ սիրում։ Գիտեմ, թե իր ստուդիայում երաժշտություն է գրում, ու հենց գիտակցում եմ, որ չկա... «Վերեւ» երգը լսում եմ ու փուլ եմ գալիս, ասես իր խոստովանությունը լինի: Մի օր Տիգրան քեռուս հետ էի խոսում, ասաց՝ շատ տաղանդավոր տղա է, հրաշալի երաժշտություն է գրում: Միանգամից զանգեցի Հայկոյիս, ոգևորված, հուզված ասաց. «Լավ էլի, Շուշ, լո՞ւրջ ես ասում»: Աստված վկա, իր կորստի հետ չեմ համակերպվում»,- ասել է երգչուհին՝ այսօր էլ շնորհավորելով Հայկոյին գրել է․ «Հայկոս, տաղանդավոր ու բացառիկ, ծնունդդ շնորհավոր»։
Հայկոյին սիրում էին ու շարունակելու են սիրել, լսել նրա երգերը, նրա երգերով սեր խոստովանել, հուզվել, կարոտել ու երջանկանալ։ Հայկոն կշարունակի ապրել՝ իր երգերի, իր թողած բարի անունի շնորհիվ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան