Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ` ձիթենու յուղ և բալասան
Հոկտեմբերի 1-ին Ս. Էջմիածնում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողությունը։ Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան գրառումներով ծանոթացնում է Ս․ Մյուռոնի խորհրդին, բաղադրությանը, նշանակությանը, ավանդություններին.
«ՄԵՌՈՆՕՐՀՆԵՔ-4
Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ` ձիթենու յուղ և բալասան, որոնց խառնվում է 40-ից ավելի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը: Նյութերի այս բուրումնավետությունը խորհրդանշում է քրիստոնեական հավատքի և կյանքի անուշահոտությունը:
Մեզ են հասել հայկական բազում ձեռագրեր, որոնք անդրադառնում են Ս. Մյուռոնի կանոնին, խորհրդին, անհրաժեշտ նյութերին և այս սրբազան Յուղին առնչվող այլ խնդիրներին: Հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում այն ձեռագրերը, որոնք մանրամասն անդրադառնում են Մյուռոնի համար անհրաժեշտ նյութերին: Խնդրի վերաբերյալ մեզ հասած ամենահին ձեռագիրը 1461 թ. ընդօրինակված Մաշտոցյան Մատենադարանի Հմր 4997 ձեռագիրն է, որտեղ խոսվում է 40 բույսերի և նյութերի մասին: Այլ ձեռագրերում նյութերի քանակը հասնում է անգամ մինչև 58-ի: Հետաքրքրական է, որ նմանաբնույթ ձեռագիր մատյաններում բացակայում է ձիթապտղի ձեթի մասին հիշատակությունը, քանզի բոլորին էլ պարզ էր, որ առանց ձիթայուղի հնարավոր չէ Ս. Մյուռոն պատրաստել:
Մյուռոնի նյութերի ուսումնասիրությունը և դրանց աշխարհագրական տարածվածության վերլուծությունը փաստում են, որ այդ բույսերի մեծ մասն աճում են մերձարևադարձային և արևադարձային կլիմայական գոտիներում: Միայն դրանցից մի քանիսը կարող ենք գտնել Արևմտյան Հայաստանում և ներկայիս Հայաստանի Հանրապետությունում: Այս բացը լրացնելու նպատակով վերջին երեք մեռոնօրհնեքների ժամանակ ավելացվել են նաև որոշ բույսեր Արցախից և Հայաստանից` նյութերի քանակը հասցնելով 72-ի` ըստ Տիրոջ աշակերտների խորհրդանշական թվի»։
Վերջին մեռոնօրհնեքների ժամանակ ավելացվել են որոշ բույսեր Արցախից և Հայաստանից` նյութերի քանակը հասցնելով 72-ի` ըստ Տիրոջ աշակերտների խորհրդանշական թվի:
Հարակից հրապարակումներ`
- Սրբալույս Մյուռոնի օրհնությանն ընդառաջ կատարվել է Ձիթայուղի օրհնության կարգ
- Սրբալույս Մյուռոնը մշտապես հիշեցնում է ամենքիս, որ մենք` իբրև քրիստոնյաներ, մկրտվել և ծնվել ենք Հայոց Եկեղեցու Ս. Ավազանից
- Ինքնատիպ վիրտուալ հոգևոր ճամփորդություն՝ մինչև Մյուռոնօրհնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին