Չինաստանի ԱԳՆ-ն «Ֆուկուսիմա»-ից ջրի բացթողումն անպատասխանատու պահվածք է անվանել
Ճապոնիայի կողմից «Ֆուկուսիմա-1» վթարային ԱԷԿ-ից Խաղաղ օվկիանոս ջուր լցնելը եսասիրական և անպատասխանատու պահվածք է: Այդ մասին, ինչպես գրում է «Ռիա Նովոստի»-ին, ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
Օգոստոսի 24-ից Ճապոնիան սկսել է բնական աղետից վնասված Ֆուկուսիմայի ատոմակայանից ռադիոակտիվ ջուր թողնել Խաղաղ օվկիանոս։ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնել է, որ տեղում աշխատում են գործակալության փորձագետները, որոնք հետևում են ընթացակարգի՝ անվտանգության չափանիշներին համապատասխանությանը:
«Չափազանց եսասիրական և անպատասխանատու վարքագիծ է ռադիոակտիվ աղտոտման վտանգը բացահայտորեն փոխանցել ամբողջ աշխարհին», - ասել է Վան Վենբինը:
Դիվանագետը Ճապոնիային հորդորել է «անհապաղ շտկել իր եսասիրական պահվածքը՝ կապված միջուկային աղտոտման ռիսկը աշխարհ տեղափոխելու հետ», և թույլ չտալ, որ «Ֆուկուսիմայի ջուրը դառնա Ճապոնիայի խայտառակությունը»։
Վան Վենբինը հավելել է, որ Չինաստանը և մյուս շահագրգիռ կողմերն իրավունք ունեն օրինական, ողջամիտ ր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ծովային միջավայրի անվտանգության և մարդկանց առողջության ապահովման համար:
Ավելի վաղ ՉԺՀ-ի մաքսային գլխավոր վարչությունը հայտնել էր, որ Չինաստանը օգոստոսի 24-ից ամբողջությամբ դադարեցրել է Ճապոնիայում արտադրված ջրային արտադրանքի ներմուծումը։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայի իշխանությունները կսկսեն «Ֆուկուսիմա» ատոմակայանից ռադիոակտիվ ջուր լցնել օվկիանոս
- Չինաստանն արգելել է սննդամթերքի ներմուծումը Ճապոնիայից՝ «Ֆուկուսիմա-1»-ից ջրի բացթողման պատճառով