Ինչու չի կարելի բերքահավաքից հետո ցանքատարածքներում բուսական մնացորդներն այրել
Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքից հետո ցանքատարածքներն ու արոտավայրերը բուսական մնացորդներից մաքրելու նպատակով ազգաբնակչության կողմից կատարվում են հրկիզումներ, որոնք մեծ վնաս են պատճառում գյուղատնտեսությանը, բնությանն ու շրջակա միջավայրին, ինչպես նաև մարդու առողջությանը:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ցանքատարածքների հրկիզումը հանգեցնում է մի շարք բնապահպանական, գյուղատնտեսական խնդիրների` աղտոտվում է օդը, արտանետվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, որն էլ իր հերթին նպաստում է այսօր համաշխարհային խնդիր դարձած կլիմայի փոփոխությանը՝ գլոբալ տաքացմանը:
«Հարկ է նշել, որ կրակը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, մակերևութային շերտը քայքայվում և վերածվում է մասնիկների, ինչի հետևանքով հողը հեշտությամբ ենթարկվում է քամու և ջրային էրոզիայի: Հնձած դաշտերի այրումը նպաստում է հողում եղած մի շարք օգտակար նյութերի քայքայմանը:
Դաշտերի հրկիզման հետևանքով ոչնչանում են բնական մնացորդներում առկա բոլոր մատչելի սննդատարրերը, այրվում է հողի վերին հարուստ շերտը, որը զրկվում է օրգանական բաղադրիչներից, վերածվում փոշիացված ստրուկտուրայի:
Գյուղական համայնքների բնակչության շրջանում կա այն թյուր կարծիքը, թէ խոզան այրելը նպաստում է հողի բերրիության մակարդակի բարձրացմանը: Մեր կազմակերպությունը հորդորում է և խորհուրդ տալիս բերքահավաքից հետո ոչ թե խոզանն ու ծղոտը վառել և դրանից հետո կատարել հողի մշակման աշխատանքներ, այլ երեսվարի և սկավառակի միջոցով հողի վերին շերտում հավաքված բոլոր բուսական մնացորդները մտցնել հողի տակ (12-15սմ խորությամբ), որը քայքայվելով հողին տալիս է օրգանական մնացորդներ ու հարստացնում հողի վերին շերտը բույսերի աճման համար անհրաժեշտ մատչելի միկրոտարրերով: Գործընթացի շնորհիվ հողի ջրաթափանցելիությունը բարձրանում է, հողը դառնում է ավելի փխրուն և բարելավվում է նրա կառուցվածքը:
Երկրագործության վարման բոլոր ժամանակներում արգելվել է դաշտերում ծղոտի այրելը: Հաճախ եղել են բացառումներ, երբ մասնագիտական հատուկ եզրակացությամբ և վերահսկողությամբ թույլատրվել է ծղոտի այրումը` հացահատիկային մշակաբույսերը վնասատուներից` գնայուկ բզեզից, շվեդական և հեսենյան ճանճերից պաշտպանելու նպատակով: Բայց դրանից հետո հետևողական լուրջ աշխատանք պետք է տանել հողի վերականգնման և անհրաժեշտ սննդատարրերով հարստացման ուղղությամբ«,- նշում են կենտրոնից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան