Նորվեգիայում սպանել են Ռուսաստանի սահմանը հատած եղջերուներին
Նորվեգիայի իշխանությունները սպանել են Ռուսաստանից Նորվեգիայի տարածք վերադարձած եղջերուներին, որտեղ նրանք տեղափոխվել էին արոտավայրեր փնտրելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը։
Նշվում է, որ 2023 թվականին 42 եղջերու հատել է սահմանը և հայտնվել Ռուսաստանի տարածք՝ արոտավայրեր որոնելու համար։ Եղջերուներից 40-ը վերադարձել են Նորվեգիա, սակայն հետո կենդանիներին սպանել են՝ վախենալով, որ նորից կարող են տեղափոխվել Ռուսաստան։ Դա պայմանավորված է նրանով, որ եղջերուների տեղաշարժը Նորվեգիայի իշխանությունների համար ստեղծում է ինչպես բյուրոկրատական, այնպես էլ ֆինանսական խնդիրներ։
Մասնավորապես, Մոսկվան Օսլոյից արդեն պահանջել է փոխհատուցել ռուսական արոտավայրերին հասցված վնասը և վճարել 50 հազար կրոն (4700 դոլար) յուրաքանչյուր կենդանու համար, որն անցել է Ռուսաստանի սահմանը և արածել Մուրմանսկի շրջանի «Պասվիկ» արգելոցում, ինչպես նաև միանվագ վճարել 47 միլիոն կրոն (4,4 միլիոն դոլար) ընդհանուր առմամբ այն օրերի համար, երբ եղջերուները գտնվել են Ռուսաստանի արգելոցում։
Եղջերուների տեղաշարժին վերջ տալու համար Նորվեգիայի իշխանությունները նախատեսում են մինչև հոկտեմբերի 1-ը վերականգնել ՌԴ-ի հետ սահմանին գտնվող կիսաքանդ պատնեշը: Սակայն կառույցի վերականգնման գործընթացը բարդանում է նրանով, որ աշխատողները պետք է մշտապես գտնվեն միայն նորվեգական տարածքում, քանի որ առանց ռուսական վիզայի սահմանը հատելը հավասարազոր է Ռուսաստան ապօրինի ներթափանցմանը: