«Վեոլիա ջուր»-ը որոշել է մարդկանց նաև անլույս թողնել
Տևական ժամանակ Երևանի փոքր կենտրոնի մի հատված՝ Աբովյանն ու հարակից փողոցների բնակիչները լույս չունեին։ Երթևեկության կարգ ու կանոնը խաթարվել էր, խաչմերուկների լուսացույցները չէին աշխատում, պարեկներ էլ չկային։
Խանութների մի մասը փակել էր դռները հաճախորդների առաջ, մի մասում էլ հաճախորդներին խորհուրդ էին տալիս հավանած ապրանքի հետևից գալ ավելի ուշ, երբ հոսանքը կգա։
ՀԷՑ-ի 1-80 հեռախոսահամարով ընկերության օպերատորի հետ կապ հաստատելն արդեն վաղուց անհնար բան է։ Բոլորը միշտ զբաղված են։ ՀԷՑ-ի վթարային անջատումներից մարդիկ հոգնել են, մի փոքր քամի է՝ լույս չկա, անձրևի երկու կաթիլ է՝ լույս չկա, շաբաթ-կիրակի, երբ պլանային անջատումներ չկան, վթարներն ավելի ինտենսիվ են դառնում։
Ընդհանրապես, հիմա տարածված կատակ է, եթե և լույս կա, և ջուր, և գազ, ապա պարտավոր ես երջանիկ լինել։
ՀԷՑ-ի աղբյուրը Panorama.am-ին հայտնեց, որ այսօրվա հոսանքազրկման մեղավորն իրենք չեն։ «Վեոլիա ջուր»-ն իրականացվող աշխատանքների ժամանակ վնասել է մալուխը։