Կարծախում նշվել է Աշուղ Ջիվանու օրը
Օգոստոսի 27-ին մեծանուն աշուղ Ջիվանու հայրենի գյուղում նշվել է Ջիվանու օրը: Jnews-ը գրում է, որ Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բնակչությունն ավանդաբար հուլիսյան վերջին օրերից մեկը նվիրում է հայ մեծ աշուղ Ջիվանու մեծարմանը, սակայն այս տարի բեմի նորոգման պատճառով հետաձգվել է ու նշվել օգոստոսի 27-ին։
Տոնական օրվա մեկնարկը տրվել է գյուղամեջում կանգնեցված Ջիվանու արձանին ծաղիկներ խոնարհելով, որից հետո տոնախմբության մասնակիցները շարժվել են դեպի աշուղ Ջիվանու տուն-թանգարան, ծանոթացել աշուղի կենսագրությանն ու թողած մշակութային ժառանգությանը:
Ջիվանու մեծարմանը նվիրված տոնահանդեսին ելույթ են ունեցել Ախալքալաքի Մշակույթի տան «Ջիվանի», «Ջավախք» անսամբլները՝ Աշուղ Ալիք Ջավախքի ղեկավարությամբ: Բեմում Հայաստանի Հանրապետության Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» անսամբլն է եղել ջիվանական երգ ու տաղով։ Հնչեցին Ջիվանու և այլ աշուղների սիրված երգեր։
Հայ մեծ աշուղ, ժողովրդական երգիչ Ջիվանին (Սերովբե Ստեփանի Լևոնյան, 1846 մարտի 5 – 1909 մարտի 19) ծնվել է Ջավախքի Կարծախ գյուղում, Բանգոյանների հայտնի գերդաստանում և շուրջ 18 տարի (մինչև 1864 թ.) ապրել իր հայրենի գյուղում, որտեղ աշակերտել է Ջավախքի մեծանուն աշուղներից մեկին՝ Սիայուն: Երկու տարվա ընթացքում պատանին այնպիսի առաջադիմություն է հանդես բերում, որ նույնիսկ դառնում է իր վարպետի մրցակիցը։ Վարպետը հայրաբար օրհնում է իր սանին և անունը դնում Ջիվանի։ Գյուղից հեռանալուց հետո Ջիվանին մեկ տարի ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում, այնուհետև՝ Ալեքսանդրապոլում, իսկ 1895 թ. անվանի աշուղը կրկին վերադառնում է Թիֆլիս, որտեղ անցկացնում է իր կյանքի վերջին տարիները: Հայրենի գյուղում աշուղ Ջիվանին վերջին անգամ եղել է 1908 թվականին: Աշուղ Ջիվանին բնորոշվում է որպես «հայ աշուղական արվեստի Մաշտոց»: Գաղտնիք չէ, որ մինչ Ջիվանին հայ աշուղները մեծամասամբ ստեղծագործել են օտար լեզուներով: Ջիվանիով հայացավ հայ աշուղական արվեստը: Աշուղի երկրորդ պատվավոր բնորոշումն է «հայ աշուղական երգարվեստի Կոմիտաս»: Այստեղ էլ պետք է փաստել, որ աշուղական ստեղծագործությունները Ջիվանիով մաքրվեցին արևելյան ելևէջումներից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան