Մի քաղաքականացրեք իմ աղջկա ողբերգական մահը․ Արցախցի Հելենի մոր բաց նամակը Փաշինյանին և Միրզոյանին
Երևան-Գյումրի ավտոճանապարհին միկրոավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով զոհված արցախցի Հելենի մայրը Armlur.am-ի միջոցով բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին
Արցախի Հանրապետության բնակիչ Ալվարդ Սաֆարյանն իր բաց նամակում գրում է.
«Արդեն 14 օր է, ինչ իմ աղջկա՝
Հելենի մարմինը գտնվում է Գորիսի դիահերձարանում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մեզ տեղեկացնում է, թե «20-ամյա Հելենի դին Արցախ տեղափոխելու հարցը կողմերը Հայաստանի և Ադրբեջանի անհամաձայնությանբ սարքել են իրենց քաղաքական թեման»:
Արդյոք իմ աղջկա դին, իմ տան սուգը պիտի դառնա ինչ որ ճղճիմ քաղաքական հարց: Սա անընդունելի է: Խոսում եք միջազգային մարդասիրական իրավունքից, Իլհամ Ալիևը միջազգային ատյաններում կուրծք է ծեծում, թե արցախահայերի իրավունքների պաշտպանությունն իր առաքելությունն է, սա՞ է ձեր պաշտպանած մարդասիրական իրավունքը: Փաստացի Ալիևը հրաժարվում է Արցախից և արցախահայությունից։ Այս աշխարհից, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններից իմ ուզածը մի բան է. 20 տարեկան աղջկաս դիակը տվեք իմ հողում հուղարկավորեմ:
Դիմում եմ ձեզ՝ Նիկոլ Փաշինյան և Արարատ Միրզոյան, կատարեք ձեր պարտականությունները, ստեղծված իրավիճակին լուծում տալու համար: Իմ աղջիկը պիտի հուղարկավորվի իմ հողում, մեր կողքին և դուք պետք է լուծեք այդ հարցը: Մի քաղաքականացրեք իմ աղջկա ողբերգական մահը:
Ես չեմ հանձնվելու, պայքարելու եմ, մինչև իմ աղջիկը գա իմ կողքը: Գործեք Նիկոլ Փաշինյան և Արարատ Միրզոյան»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ փորձում են շարունակել երկխոսությանը Հելեն Դադայանի աճյունի տեղափոխության շուրջ՝ հույս ունենալով, որ կողմերի համապարփակ համաձայնություն կլինի տեղափոխության շուրջ, որպեսզի իրենք էլ կարողանան իրենց գործողությունը կատարել. «Սա մեր իրավասության մեջ չի գտնվում։ Մենք չենք որոշում կայացնողը, մենք միջնորդ ենք այդ հարցում, որոշում կայացնում են կողմերը»։
Տեղեկացնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Օրեր առաջ հիվանդանոցում մահացել է տուժած ուղևորներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- Ողբերգական վթարից զոհված Հելեն Դադայանի հարազատներն Արցախում դեռ սպասում են ... մարմնին
- Երեխու մարմինը Գորիսում է, միակ ցանկությունս է՝ Արցախ տանեմ. Ողբերգական վթարից զոհված Հելենի քեռի
- Խաղաղապահների հրամանատարը Հելեն Դադայանի հարազատներին ասել է՝ «սպասենք. եթե ԿԽՄԿ-ն պատասխան չտա, իրենք կփորձեն աճյունը տեղափոխել»
- Հելեն Դադայանի մայրը Ստեփանակերտում ԿԽՄԿ գրասենյակի դիմաց ակցիա է անում՝ խնդրելով երեխայի մարմինը
- ԱԳՆ. Ադրբեջանը թույլ չի տալիս վթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի մարմինը տեղափոխել հայրենիք
- Ակցիա՝ ԿԽՄԿ դիմաց. «Ինչո՞ւ Բաքուն թույլ չի տալիս Շիրակի վթարից զոհված արցախցի Հելեն Դադայանի մարմինը տեղափոխել Արցախ»