Բողոքի ակցիա ՊԵԿ-ի դիմաց. 7 հազար դոլարով գնած մեքենայի մաքսազերծումը կազմում է 17 հազար դոլար
Մի խումբ վարորդներ այսօր ՊԵԿ-ի դիմաց խաղաղ ակցիա էին իրականացնում՝ պահանջելով կանխել քննարկման մեջ գտնվող օրենքի ընդունումը։ Ըստ նախագծի, վրացական պետհամարանիշերով մեքենաներով Հայաստան մուտքի ժամանակ ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները պետք է վճարեն մաքսազերծման ամբողջ գումարը, որը երբեմն կազմում է մեքենայի արժեքի կրկնապատիկը կամ ավելին։ Ակցիայի մասնակիցներից մեկն իր օրինակը ներկայացրեց, 7 հազար դոլարով գնել է մեքենան, որի մաքսազերծման համար հաշվել են 17 հազար դոլար։
Panorama.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից վարորդներից Արթուր Ալմասյանը նշեց, որ իրենք գործում են օրենքի շրջանակում և սպասում են համապատասխան արձագանքի.
«Մեր ոչ քաղաքական շարժման նպատակն է, որ առաջին հերթին չեղարկվի էս օրինագիծը, իսկ եթե դա չստացվի, կոմպրոմիսային տարբերակներ քննարկենք»։
Նրա խոսքով, իրենց որպես արգումենտ ներկայացվում է այն, որ նման մեքենաների շահագործումը երկրին չի բերում որևէ հավելյալ եկամուտ։
«Սակայն, այստեղ կա կարևոր մի նախապայման, ըստ որի իրենք սահմանում արդեն կատարում ենք վճարումներ, որոնք անցած տարի այն կազմում էր մաքսազերծման 2%-ը, այժմ 4% է կազմում։ Իմ պարագայում 300.000 դրամ է, որը քիչ գումար չէ։ ՊԵԿ-ը մոռանում է խոսել նաև այն ծախսերի մասին, որոնք առաջանում են մեքենայի շահագործումից՝ վառելիք, նորոգում, յուղ և այլն, հիանալի ճանապարհների արդյունքում փչացած մեքենաների նորոգումը»,-ասաց Ալմասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան